18/07/2019 16:52
Արթուր Վանեցյանը ժամանեց Իջևան
Քիչ առաջ Իջևան ժամանեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ ավելի ուշ կխոսի: Իջևանում է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մահակներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Այսօր առավոտից Իջևանի մարզպետարանի դիմաց ձերբակալվածների հարազատները բողոքի ցույցեր են իրականացնում: Որոշ քաղաքացիներ ոստիկանական բաժանմունքներ են բերման ենթարկվել այսօր՝ մարզպետերանի շրջակաքից: