18/07/2019 10:32
Հանդուրժող չենք լինելու, Իջևանում տեղի ունեցած բախումների փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կան բերման ենթարկվածներ. Ոստիկանապետ
Իջևանում երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանություն բերման է ենթարկվել 19 անձ, այսօր Իջևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Հիշեցնենք՝ երեկ Իջևանում բողոքի ակցիա էին կազմակերպել անտառներում ապօրինի հատումներ իրականացնող մի խումբ քաղաքացիներ, փակելով միջպետական ճանապարհը, պահանջում էին թույլ տալ անտառահատումներ իրականացնել։ Ոստիկանության հորդորներին բացել ճանապարհը նրանք չէին ենթարկվել, առաջացել էր բախում, ինչի հետևանքով տասնյակից ավելի ոստիկաններ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Կառավարության տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Տավուշի մարզպետի բանակցությունների արդյունքում ճանապարհը ուշ գիշեր բացվել է, և մարզպետը հայտարարեց, որ ցուցարարների ոչ մի անօրինական պահանջ չի կատարվելու։
Ոստիկանապետը վստահեցրեց, որ կատարվածի բոլոր մեղավորները պատժվելու են։
«Աշխատանքները շարունակական են լինելու մեղավորներին հայտնաբերելու ու ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ Մենք հանդուրժող չենք լինելու և անթույլատրելի եմ համարում նման ոճով ու նման պայմանով խոսել, երկար տարիներ շարունակ իրենք սովոր են եղել ոչնչացնել անտառները, զբաղվել են անտառի առուվաճառքով», - հայտարարեց ոստիկանապետը։
Ըստ ոստիկանապետի, բոլոր գործողությունները լինելու են օրենքին համապատասխան և թույլ չեն տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ ու ավելին՝ թելադրեն, թե ինչ անել։