18/07/2019 10:17
Կա՛մ որևէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին. «Փաստինֆո»
Այսօր՝ հուլիսի 18-ին տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստը, որը հրավիրել են ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը: ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի շուրջ «Փաստինֆո» -ն զրուցել է ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հետ:
«Ցավում եմ, որ ԲԴԽ-ի գիտնական իրավաբանները կարող են նման բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրել եւ հայտարարության կարգով սոցցանցերում տեղադրել, քանի որ այդ փաստաթուղթն իր բովանդակությամբ Դատական օրենսգրքի պահանջներին ակնհայտ հակասող փաստաթուղթ է: Ըստ այդ փաստաթղթի բովանդակության՝ ԲԴԽ-ի 3 անդամները ուզում են ինձ մեղադրել անգործության մեջ՝ թաքցնելով իրենց անգործությունը։ Միաժամանակ, նաեւ ստացվում է, որ իրենք երդման գործընթացը համարում են ավելորդ, այսինքն, անդամն ընտրված պահից համարվում է պաշտոնը ստանձնած»,-մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է Նախշուն Տավարացյանը:
Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին : Այս առնչությամբ Տավարացյանն ասաց, որ համապատասխան ժամկետներում դիմում է ներկայացրել եւ ԲԴԽ-ից պաշտոնական պատասխան է ստացել, որ պետք է երդվի եւ ստանձնի իր լիազորությունները:
-Տիկին Տավարացյան, Ձեր գործընկերները, նաեւ նշում են, որ Դուք չեք մասնակցել ԲԴԽ-ի՝ երկուսից ավելի նիստերի եւ չեք ներկայացրել նիստերից բացակայելու հարգելի պատճառներ, ինչպես նաև չմասնակցած նիստերի վերաբերյալ Ձեր մասնակցությունը բացառող հանգամանքները:
-Ես 2018 թվականի նոյեմբերի 12-ին եմ հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ ԲԴԽ-ն պատասխանել է 2018 թ նոյեմբերի 16-ին, եւ եթե ընդամենը 2 նիստի չեմ մասնակցել, ստացվում է, որ 2018թ նոյեմբերի 16-ից մինչեւ 2019թ հուլիսի 1-ը ԲԴԽ-ն պարապուրդի է մատնված: Ես հատկապես պետք է վիճարկեմ Լիպարիտ Մելիքջանյանի եւ Հայկ Հովսեփյանի անգործությունը, որ իրենք դրսեւորել են այս ամիսների ընթացքում: Ես ի՞նչ ասեմ իրավաբան գիտնականներին, որոնք արհամարհում են Դատական օրենսգրքի իմպերատիվ պահանջը:
-Ինչո՞վ եք պայմանավորում հրաժարականի դիմում երկարացնելն ու 9 ամիս անց այդ դիմումից հրաժարվելը: Կխոսե՞ք պատճառներից:
-Դուք ԱԺ-ում էլ տեսնում եք, որ պատգամավորները հրաժարական են տալիս եւ որոշակի ժամկետից հետո այդ հրաժարականը պնդում են կամ չեն պնդում, դա գործընթաց է, նույնն էլ այս դեպքում: Նոյեմբերի 8-ի ժողովում, երբ գենդերային գործոնը հաշվի առնելով ես ընտրվեցի, մեր պալատի դատավորները մեծ աղմուկ բարձրացրեցին, օրենքին տվեցին տարաբնույթ մեկնաբանություն եւ ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որից ես վատ զգացի եւ ասացի, որ մենք մի պալատի դատավորներ ենք , իսկ մեր դատական համակարգը մեր մեծ ընտանիքն է եւ ԲԴԽ-ի անդամ դառնալն ինձ համար կյանքի հարց չէ, ես չեմ երդվի եւ պաշտոնը չեմ ստանձնի, դուք միասին համաձայնության եկեք: Այդ տհաճ մթնոլորտն էր իմ հրաժարականի դիմումի պատճառը: Դրանից հետո մեկ ժողով է գումարվել, իմ գործընկերները համաձայնության չեն եկել եւ հարցը չի լուծվել: Իմ գործընկերները կարծիք հայտնեցին, որ այլեւս իրենք չեն ուզում մրցակցել եւ իրենց թեկնածությունն առաջադրել: Այդ համերաշխության մթնոլորտում ես երդում տվեցի: Քանի դեռ հարցը չեք տվել, ես պատասխանեմ՝ ինն ամիսը շահարկում են, խնդիրն այն է, որ այդ տեղը մինչեւ հիմա թափուր է, եւ նշանակություն չունի, դա կլինի ինն ամիս, մեկ տարի, թե երեք տարի, ի՞նչ նշանակություն ունի: Այդ տեղը Վճռաբեկ դատարանի տեղն է: Վերջին ժողովում Առաջին ատյանի դատավորներից Սիմիզար Հովսեփյանը, Դավիթ Բալայանը , Զարուհի Նախշքարյանը աժիոտաժ սարքեցին: Ես տալիս եմ այն դատավորների անունները, որոնք դատավորի արժանապատվությունն ու անկախությունը չեն գնահատում: Սիմիզար Հովսեփյանը աղմուկ է բարձրացրել, թե ես եմ ուզում ընտրվել, դու չպետք է երդում տաս: Նա պատճառաբանում է, թե իր պաշտոնավարմանը երեք տարի է մնացել եւ ցանկանում է այդ մարմնում մնալ, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորներին հավասար աշխատավարձ ու բարձր թոշակ ստանա: Ես հասկացա, որ Սիմիզար Հովսեփյանը նույնիսկ չի տիրապետում այդ կառույցի գործառույթներին:
-Ձեր երդվելու փաստը միանշանակ չընդունվեց նաեւ իրավական հանրույթի կողմից. ԲԴԽ-ից դուրս ոչ միանշանակ գնահատականներ հնչեցին:
-Ես լսել եմ իրավաբաններին, որոնց ես գնահատում էի, բայց եթե նրանք իրենց մասնագիտությունը մոռացած պետք է անձնական մղումներով շարժվեն, ինչպես ԲԴԽ –ի անդամները… Նրանցից ոչ ոք իրավական մեկնաբանություն չտվեց, յուրաքանչյուրն ուղղորդված տարբեր մարդկանց ու մարմինների կողմից փորձում է ճնշում գործադրել, որ ես հրաժարական տամ, բայց ես նույնիսկ ճնշման ենթարկվող դատավորին չեմ ընդունում, էլ ուր մնաց իր ճնշումների տակ հրաժարական տամ: Ի դեպ, ես լսեցի ԱԺ պատգամավորների մեկնաբանությունները, թող մեր հարգարժան պատգամավորները, ըստ էության խորանան գործի մեջ: Մեկ-երկուսը հնչեցրին, թե վեթինգից եմ վախենում, ուրեմն ասեմ՝ առաջինը ես եմ հայտնել, որ պատրաստ եմ վեթինգի ենթարկվել : Ոչ վախենալու, ոչ էլ թաքցնելու որեւէ բան չունեմ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում