18/07/2019 11:48
Ոնց եղել են խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են. Վարչապետը՝ ծառ կտրողների մասին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ո՞րն էր Իջևանում ակցիայի մասնակիցների պահանջների օրինականությունը:
«Վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ էկրանների առաջ հայտարարություն ենք անում, ինչ-որ մարդիկ քմծիծաղ են տալիս և մի քանի օր դադարից հետո գործողությունները շարունակում են», - ասաց վարչապետը
Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ մի շարք փոփոխություններ են մշակվել և մինչ այժմ օրենսդրական սողանքներ կային, որոնք փոփոխությունները փակում են:
Նախարարի խոսքով՝ ակցիայի ժամանակ մասնակիցները նշել են, որ նրանց բարձրացրած հարցերը վերաբերում են հիմնականում փաստաթուղթ ունենալուն, որ վառելափայտը կարողանան տեղափոխել և ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում:
Վարչապետը նկատեց, որ այստեղ լավ լուր էլ կա. նշանակում է՝ չեն կարողանում փող տալ ու անցնել:
Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տասնյակ քրեական գործեր կան հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում:
«Վերջերս կադրային փոփոխություններ են եղել, այս ամենը փոխում է իրավիճակը: Սա Հայաստանի ընդհանուր կենսական նշանակության հարց է և ոչ միայն անտառի, քանի որ անտառի այս լայնածավալ հատումները, որը երկար տարիների ընթացքում եղել է և պատժի մեխանիզմները բավարար չեն եղել, բերում են այլ խնդիրներ՝ ջրերի, ոռոգման հետ կապված հարցերի», - ասաց նա:
Ըստ նախարարի՝ ամենայն խստությամբ հնարավորինս ուժեղ պատիժ պետք է նախատեսվի, քանի որ այստեղ խոսքը չի գնում գյուղացիների կարիքների համար անտառները կտրելուն, ինչպես տարիներ շարունակ ներկայացվում է:
Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթը ուժեղ կանխարգելիչ ազդեցություն կարող է լինել:
Վարչապետը համաձայնեց, որ երբեմն այնպիսի տպավորություն կարող է լինել, թե բոլորը զբաղված են փայտ կտրել և վաճառելով, բայց իրականում այդպես չէ և մարդկանց որոշակի շրջանակ է, Փաշինյանի խոսքով, դրանով զբաղվում, և երկար տարիների կոռուպցիոն մեխանիզմներով ստեղծվել է ցանց, և «այսօր գործ ունենք հենց այդ ցանցի հետ»:
«Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անպայման կրելու են պատասխանատվություն: Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու և խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ, այստեղ իրավապահ համակարգի գործունակության խնդիրն է: Ապօրինի գործողության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որևէ մեկը շանտաժով չի կարող խոսել կառավարության հետ և սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մարդիկ պետք է հասկանան՝ անտառը չկտրելով՝ նրանք ավելի կարող են հարստանալ, քան կտրելուց:
«Մարդիկ, ովքեր 30 տարի շարունակ արել են այդ սև գործը՝ կտրելով ծառերը, շարունակում են մնալ աղքատ: Ոնց եղել են խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են», - ասաց Նիկոլ Փաշինյանը: