18/07/2019 17:08
Ես ավելին չէի սպասում, իրենք ստում են. Օսիպյանը՝ իջևանցի ցուցարարներին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է՝ Իջևանի բնակիչների հայտարարությունները, թե ոստիկաններն են բռնություն կիրառել և բախումները ոստիկանների կողմից են հրահրվել, չեն համապատսխանում իրականությանը.
«Ես ավելին չէի սպասում, միանշանակ այդպես պետք է պատասխանեին, բայց իրենք ստում են: Ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին իրենց համոզել ազատել տևական ժամանակ փակ պահած ճանապարհը», - Իջևանում լրագրողներին ասաց ոստիկանապետը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ են լույսերն անջատվել բախումների ժամանակ՝ Օսիպյանն ասաց՝ տեղեկացված չէ և հոսանքազրկումները կապ չունեն միջադեպի հետ:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իջևանցի կանանց ցուցադրած կապտուկները և պդնումները, որ բերման ենթարկելուց իրենց ու իրենց հարազատների նկատմամբ բռնություն է գործադրվել և ոստիկանները ներխուժել են բնակարաններ մարդկանց բերման ենթարելու համար՝ Օսիպյանն ասաց.
«Շատ պարզ և հասարակ: Եթե ինչ-որ մեկին ներկայացնում ենք օրինական պահաջ ոստիկանություն ներկայանալու և նա հրաժարվում է, ոստիկանությունը պարտավոր է լինում բերման ենթարկել», - նկատեց նա:
Օսիպյանը չհստակեցրեց, թե որտեղ են գտնվում ձերբակալված անձինք՝ նշելով, որ բնակիչները կարող են հանգիստ լինել, նրանք ապահով տեղում են:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: