18/07/2019 13:31
Անտառների պահպանությունը մեր երկրում պետք է առաջին տեղում լինի. Կարինե Դանիելյան
Անտառների պահպանությունը մեր երկրում պետք է առաջին տեղում լինի, մինչդեռ էկոմշակույթը Հայաստանում բավական ցածր մակարդակի վրա է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ գիշերն Իջևանում ծավալված հայտնի իրադարձություններին։
«Կարծիք կա, որ ապօրինի ծառահատումների հետևում խոշոր բիզնես է կանգնած, և որ հատուկ մարդիկ են անտառահատումների և փայտի վաճառքով զբաղված։ Ասում են՝ հենց այդ մարդիկ են երեկվա բախումները հրահրել։ Ստույգ չեմ կարող ասել, բայց որ էկոլոգիական մշակույթը մեր ազգի մեջ խիստ պակասում է, հստակ է։ Էկոկրթությունը պետք է մտնի դպրոց, ընդլայնվի։ Ցավոք, ցածր էկոմշակույթով մենք շատ ենք տարբերվում շատ այլ ազգերից», - նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ արդյոք ինքը և իր բնապահպան ընկերները պատրաստվում են պատասխան ակցիա կազմակերպել՝ ի պաշտպանություն անտառների վերականգնման, Կարինե Դանիելյանը նշեց, որ նման հարց օրակարգում դեռևս չկա, սակայն այսօր գործընկերների հետ հանդիպման ընթացքում կփորձեն այդօրինակ քայլի շուրջ քննարկում ծավալել։
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Իջևանում տեղի ունեցած բախումներին՝ նշելով, որ ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպած ակցիայի մասնակիցները չեն ենթրակվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել վերջիններիս։
«Միանգամից ասեմ, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության», - ասել էր վարչապետը:
Իջևանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և պետության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։