18/07/2019 16:24
«Իրավապահ մարմիններում որևէ բան չի փոխվել». փաստաբանն ահազանգում է՝ շարունակվում են ապօրինի ձերբակալությունները
Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով շարունակվում են ձերբակալությունները։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարություն էր տարածել, որ գտնվում է Ոստիկանության 6-րդ վարչությունում ու «առանց իրավական հիմքերի մարդկանց ձերբակալում են մեկ ոստիկանի ցուցմունքով. ձերբակալման որևէ հիմք չկա»։
«Ես երեք հոգու պաշտպանություն եմ իրականացրել, արդեն դուրս ենք եկել, որպես կասկածյալ ձերբակալվել է Վահրամ Սիմոնյանը, իսկ մյուս պաշտպանյալս ու իր որդին ազատ են արձակվել՝ ստորագրությամբ», - ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ ձերբակալությունը համարում է ապօրինի։
«Որևէ հիմք ցույց չեն տալիս, թեև քննիչը հայտնեց, որ ոստիկանի ցուցմունք կա, որ նրանք խուլիգանություն են կատարել, բայց մենք այդպես էլ այդ ցուցմունքը չտեսանք», - ասաց նա։
Արա Ղարագյոզյանն ասաց, որ իր պաշտպանյալն ընդհանրապես կապ չի ունեցել հավաքի հետ։
«Իրենք Իջևանի գյուղերից են, եկել են Իջևան առևտուր անելու, ընկել են խցանման մեջ, այսինքն՝ իրավապահ մարմինների համար կապ չունի՝ դու խուլիգանություն ես արել, բռնություն ես գործադրել, հավաքի մասնակի՞ց ես, թե՞ ոչ։ Տեսանյութով այնտեղ կանգնած ես եղել, ուրեմն մասնակից ես, բոլորին էդ հիմքով տարել են, նույնիսկ հաշմանդամություն ունեցող անձի են բերման ենթարկել», - ասաց նա։
Փաստաբանն ընդգծեց՝ իրավապահ մարմիններում որևէ բան չի փոխվել։
«Վեթթինգը պետք է սկսել իրավապահ մարմիններից, երբ որ որևէ ապացույց չկա, որ մարդը բռնություն է գործադրել կամ խուլիգանություն է կատարել, միայն մի ոստիկանի ցուցմուքնով այդ մարդուն այսօր ձերբակալել են», - նշեց նա։
Արա Ղարագյոզյանն ասաց, թե, միանշանակ, դատապարտելի է այն փաստը, որ ոստիկաններ են բռնության ենթարկվել։
«Բայց այստեղ պետք է նաև իրավական գնահատական տրվի թե՛ ոստիկանների գործողություններին, թե՛ հավաքի մասնակիցների, որովհետև տարիներ շարունակ ոոստիկանները տուժող են համարվել, իսկ հավաքի մասնակիցները հայտնվել են մեղադրյալի աթոռին», - ասաց նա։
Փաստաբանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ մինչ այս պահը իրավապահ մարմինները հայտարարություն չեն տարածում, որ պետք է նաև գնահատական տրվի ոստիկանների գործողություններին։
«Պետք է օբյեկտիվ քննություն լինի, բոլորի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական», - ավելացրեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ երեկ Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումներ էին սկսվել, երբ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը: Բախումների հետևանքով 12 ոստիկան ու երկու քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։
Ձերբակալվել է 13 անձ։