
19/07/2019 13:56
Իջևանում իրավիճակն այսօր հանգիստ է. քաղաքապետ
Իջևանում իրավիճակն այսօր հանգիստ է. բողոքի ակցիաներ և մարդկանց կուտակումներ քաղաքում չկան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց Իջևանի համայնքապետ Վարդան Ղալումյանը։
Նա նշեց, որ թեև ինքն այս պահին գտնվում է արձակուրդում, սակայն մշտական կապի մեջ է իր տեղակալի հետ, ով էլ հայտնել է, որ Իջևանում խաղաղ է։
«Ամեն ինչ նորմալ է, բնականոն վիճակում։ Ամեն բան կարգին է։ Բողոքի ոչ մի գործողություն չկա», - ասաց համայնքապետը։
Վարդան Ղալումյանը միաժամանակ նշեց, որ քաղաքում շարունակում են ծառայություն իրականացնել ոստիկանական ուժերը։
Հիշեցնենք, որ հայտնի դեպքերի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ:
13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին մի խումբ անձինք ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել էիյն Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը։ Ոստիկանական ուժերի հետ բախումներ էին տեղի ունեցել։
Բախումներից հետո Իջևան էին ժամանել և ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում ծավալել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։