19/07/2019 17:40
Արդարադատության նախարարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իր դատողությունները
Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Վեհափառ Հայրապետը ողջունեց նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում:
Նորին Սրբությունը նախարարին մաղթեց արդյունավոր գործունեություն և հաջողություններ իր ծառայության մեջ:
Զրույցի ընթացքում խոսվեց ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների՝ ՀՀ Արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումները: