22/07/2019 13:29
Հուսով ենք՝ ՍԴ-ն այս կատակերգության վերջը կտա. Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան
ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական խմբի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ դատական գործընթացներն ընթանում են օրենքների ու ամենագլխավորը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով։
Գագաթնակետը, ըստ փաստաբանի, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանում էր, երբ դատավորը հնարավորություն չտվեց Քոչարյանի պաշտպանական խմբին դիրքորոշում հայտնել ներկայացված միջնորդությունների վերաբերյալ։
«Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում։ Ես հույս ունեմ, որ մենք չենք հասնի Եվրոպական դատարան և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշում չի կայացվի։ Ես հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը վերջը կտա այս կատակերգությանը։ Եթե դատարանը պարոն Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա վստահ եղեք, որ 1-5 տարի հետո ձեր հետևից էլ կգան, ձեզ՝ լրագրողներիդ, փաստաբաններին, յուրաքանչյուր անձի մեղադրելով, որ նրանք սահմանադրական կարգը տապալում են։ Քրեական հանցագործությունը պետք է հստակ, որոշակի բանաձևի, բայց այս գործում ոչինչ որոշակի չէ։ Ես Ֆրանսիայում բազմաթիվ պրոֆեսիոնալներ մասնագետների հետ եմ խորհրդակցել, նրանք մինչ այսօր չեն հասկանում՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում, այս հոդվածի ռիսկը այն է, որ սուբյեկտիվ է, կամայականության հիմք է տալիս», - հայտարարեց Սևակ Թորոսյանը։
Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի իրավախորհրդատուները այդքան բան չեն հասկանում, Թորոսյանը արձագանքեց. «Ես կարծում եմ, որ նրա շուրջը կան շատ լավ իրավաբաններ, գուցե վախենում են, ես այդ հարցի բացատրությունը չունեմ»։
Նշենք, որ Սահմաանդրական դատարանը որոշել էր կասեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և դիմել ՄԻԵԴ ու վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ քանի դեռ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել գործը և Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը վիճարկելի է, ապա հիմնավոր կասկածը բացակայում է, հետևաբար Քոչարյանը պետք է ազատ արձակվի կալանքից։