22/07/2019 10:51
Լինել սպա, նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ. Փաշինյան (Տեսանյութ)
Սպայական ծառայությունը թերևս կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, ՊՆ-ում ռազմաուսումնական հաստատություների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա պահանջում է կամք, անվերապահ և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը։ Սա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պարունակող գործունեություն է։ Այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել այդպիսի անկրելի թվացող բեռներ», - հայտարարեց վարչապետը։
Նա ասաց, որ լինել սպա, լինել հրամանատար, նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ։
«Լինել սպա՝ նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, արդարացված, հրամանները պետք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և այնպիսին, որ ծառայեն Հայաստանի զինված ուժերին և նրա ժողովրդին։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը։ Ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։