22/07/2019 12:25
Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը. Տոնոյանը՝ Բրոյանի մասին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ թեև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների բանակ զորակոչման թվի նվազում կա, մինչդեռ թերություններ շարունակում են ի հայտ գալ:
«Ունենք որոշակի նվազում, բայց ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տոնոյանն՝ անդրադառնալով զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին:
Դիտարկմանը, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը բացառելու համար, Տոնոյանն ասաց.
«Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են: Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննությունն է անցկացվում»:
Շարքային Բրոյանը դուրս էր գրվել ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ից և չէր ներկայացել զորամաս: Պարզվել է, որ ազգությամբ եզդի Բրոյանը բանակ է զորակոչվել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ՝ անցած տարվա օգոստոսին։