23/07/2019 17:32
Վալերի Օսիպյանը Տավուշի մարզի ոստիկաններին ներկայացրել է մարզային նոր ոստիկանապետին (Տեսանյութ)
Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Արմեն Գասպարյանը ոստիկանության համակարգում ծառայում է շուրջ 23 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև մարզային վարչության պետ: Մինչ այս, զբաղեցնում էր ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը:
ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ծառայության համար և վստահեցրեց, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմը Արմեն Գասպարյանի ղեկավարությամբ էլ ավելի սրտացավ ու բարեխիղճ ծառայություն կիրականացնի:
Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը հավաստիացրել է, որ վարչության անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր կլուծի պատվով ու բարձր պատասխանատվությամբ:
Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է նաև վերջերս Տավուշում տեղի ունեցած դեպքերին: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին՝ ապա ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և բոլոր այն անձինք, որոնք կզբաղվեն ապօրինի ծառահատումներով, հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության: