23/07/2019 17:13
Ինչպիսի՞ ազգային անվտանգության ռազմավարություն կարելի է ակնկալել իշխանությունների տարանջատման սկզբունքն ուղղակի ոտնահարող իշխանություններից. Հերմինե Մխիթարյան
Գործող ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2007 թվականին, հասկանալի պատճառներով, կարիք ունի թարմացման: Սակայն որքանո՞վ են դատական իշխանության նկատմամբ նման կեցվածք ու մոտեցում որդեգրած և իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևորությունը չգիտակցող, արտաքին քաղաքական հիմնական ուղղություններում հստակ քաղաքականություն չունեցող, ի վերջո՝ արցախյան խնդրի կարգավորման տեսլական չունեցող իշխանություններն այսօր պատրաստ նման փաստաթուղթ մշակելու՝ մտորելու տեղիք է տալիս: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:
«Անշուշտ, ազգային անվտանգության ռազմավարությունը կարիք ունի թարմացման: Այս 12 տարվա ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի շուրջ տեղի են ունեցել զարգացումներ, որոնք, իհարկե, պիտի իրենց արտացոլումը գտնեն նման կարևոր փաստաթղթում: Ունեցել ենք ապրիլիյան քառօրյա պատերազմ, որից հետո Արցախի հետ կապված շեշտադրումներն ու անվտանգության խնդիրներն էապես փոխվել են: Սակայն բոլոր այս փոփոխությունները նոր հայեցակարգում ունենալու համար նախ պիտի ունենանք իշխանություններ, որ գիտակցել ու ընկալել են այդ փոփոխությունները, որ ունեն թե՛ արտաքին, թե՛ ներքին բոլոր ուղղություններով գործողությունների հստակ ծրագիր՝ հիմքում ազգային ու պետական շահը: Այլապես կունենանք նոր, բայց ըստ էության ոչինչ չասող ու անօգուտ մի փաստաթուղթ», - նշեց փորձագետը:
Հերմինե Մխիթարյանի համոզմամբ՝ ազգային անվտանգության ռազմավարության հիմքում դրվելիք կարևորագույն՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը ներկայիս իշխանությունների կողմից ոտնահարվում է բոլոր հնարավոր տարբերակներով:
«Դատական իշխանության նկատմամբ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ մի հույս չի ներշնչում, որ նույն իշխանությունները պատրաստ են այսօրվա պահանջներից բխող և իրապես պետության շահերն արտացոլող ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը», - ամփոփեց փորձագետը: