23/07/2019 12:32
Արա Շիրինյանի հետ անձնական խնդիր չի կարող լինել, նա իմ 30 տարվա ընկերն է. Տիգրան Պասկևիչյան
Հանրայն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկևիչյանը իր հրաժարականից հետո այսօր հանդիպել է լրատվամիջցներին ու հայտարարել, որ Խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ անձնական խնդիրներ չունի։
«Արա Շիրինյանը իմ 30 տարվա ընկերն է, որից 24 տարին մենք, կարելի է ասել, անդադար միասին ենք աշխատել», - հայտարարեց Պասկևիչյանը։
Նա, հիշեցնենք, հրաժարականից հետո Արա Շիրինյանին ու մյուսներին ուղղված բաց նամակ էր հրապարակել, հայտնել աշխատանքային անհամաձայնությունների մասին, մասնավորեցնելով. «Առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ իրավիճակը փոխելու համար պետք է անել կտրուկ և արմատական քայլեր՝ դրանք սկսելով հեռուստաընկերության ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելով և ընտրություն նշանակելով, ինչի իրավունքն ունես։ Առաջարկիս դեմ քո բերած միակ հակափաստարկը հետևյալն էր. «Ընտրություն անենք, ո՞վ գա, մարդ չկա»»։
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, որին հեռացնելու անհրաժեշտության մասին էր գրել, այսօրվա ասուլիսում Պասկևիչյանը ասաց.
«Մարգարիտա Գրիգորյանի հետ անձնական խնդիր չի կարող լինել մի պարզ պատճառով՝ ես մայիսի 1-ին, որ անցել եմ աշխատանքի, նրան երևի երկու անգամ էի տեսել, անձամբ չեմ ճանաչել։ Խնդիրը անձնական չէ, խնդիրն այն է, որ ես՝ ընդունելով Արա Շիրինյանի առաջարկը, մտա ու սկսեցի ուսումնասիրել էդ համակարգը։ Արդյունքում հանգեցի այն եզրահանգման, որ այո՝ փոփոխությունները պետք էր սկսել ամենավերևից՝ փոխելով հեռուստաընկերության ղեկավարին, ղեկավար կազմը և մնացածը ձևավորել մրցույթների միջոցով»։
Նա տեղեկացրեց, որ փորձել են Հանրայինի դռները բացել ստեղծագործողների առջև ու հայտարարել թարմ առաջարկների մրցույթ, որի արդյունքում 555 հայտ է ներկայացվել, որոնց ճակատագիրն այժմ անհայտ է։ Սակայն դրանց շրջանում ընտրություն կատարելու մեխանիզմ, ըստ Պասկևիչյանի, չկա ու ինքը դիմել է լրագրողական կազմակերպություններին կատարել ընտրություն։
Պասկևիչյանի մյուս առաջարկությունը ուսումնասիրել Հանրային հեռուստաընկերության հաստիքացուցակը, կառուցվածքը, բյուջեն նույնպես չի ըդնունվել։
«Ես առաջարկում էի քննել հաստիքացուցակը, կառուցվածքը, բյուջեն, պայմանագրերը, մեկ առ մեկ ծանոթանալ աշխատողների հետ, ուսումնասիրել նրանց աշխատավարձի ու աշխատանքային պարտականությունների համապատասխանությունը։ Ես էնպիսի տպավորություն եմ ստացել, որ Հանրային հեռուստաընկերության հաստիքացուցակը և կառուցվածքը ուռճացված է, աշխատավարձերը անհամապատասխան են։ Ինձ ճիշտ հասկացեք՝ կադրային ջարդի մասին չէր խոսքը։ Պետք էր ընդամենը հասկանալ՝ այդ կառույցի ներսում ովքեր են գերագնահատված, ովքեր՝ թերագնահատված», - հավելեց նա՝ ընդգծելով, որ այս ամենը չէր արվում, քանի որ հեռուստաընկերության տնօրինությունը պատրաստ չէր ընդառաջ գնալ այդ ամենին։
Պասկևիչյանի մյուս առաջարկությունը՝ կարևոր պաշտոններում անձանց ոչ թե նշանակել, այլ ընտրել, նույնպես անպատասխան է մնացել։
«Հայաստանում կա հիմնական մեկ կարևորագույն արատ՝ մարդիկ չեն ուզում որևէ բան տեղից շարժել, որպեսզի լրացուցիչ աշխատանք չառաջանա։ Մյուս կողմից էլ, բնականաբար, կա համակարգային դիմադրությունը՝ մարդիկ տարիներ շարունակ անխնա կերպով օգտագործել են հանրային ռեսուրսները, անհաշվետու, անթափանցիկ ձևով աշխատել են, չեն ուզում իրենց տեղը զիջել, որ ոչինչ չպարզվի», - հայտարարեց Պասկևիչյանը։