24/07/2019 11:15
2019-ի առաջին կիսամյակում հանցագործությունները աճել են 1007 դեպքով. Ոստիկանության շտաբի պետ
Ըստ վիճակագրական տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանցագործությունները աճել են 1007 դեպքով, ինչը մեծամասամբ պայմանավորված է գողությունների թվի ավելացմամբ, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ վերջին տարվա ընթացքում էականորեն մեծացել է քաղաքացիների՝ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը, ինչն աննախադեպ է։
«Հանցագործություններրի դեպքերի աճ վրա որոշակիորեն ազդել է նաև համաներված անձանց կողմից հանցագործությունների կատարումը։ Նրանցից յուրաքանչյուրը 2-ից ավելի հանցագործություն է կատարել՝ սպանության փորձեր, ավազակության դեպքեր, առողջությանը վնաս պատճառելու, թմրամիջոցներ իրացնելու և կողոպուտի դեպքեր», - նշեց բանախոսը։
Արմեն Ղուկասյանը նկատեց, որ 253-ով աճել է նաև ծանր հանցագործությունների թիվը, այդ թվում՝ կաշառքի, սպանությունների, տրանսպորտային միջոցներ առևանգելու դեպքերով։
«Հանցագործությունների կեսից ավելին սեփականության դեմ ուղղված են։ Բայց, կոպիտ ասած, ավելի լավ է գողանան, քան սպանեն», - նշեց ոստիկանության շտաբի պետը։