25/07/2019 18:06
ՄԻԵԴ վճռի հետքերով իշխանական պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակած վճռի հետքերով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահներին։
Նա իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Հետք» պարբերականի «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հրապարակումը և գրել.
««Հետք»-ի 2012թ․ հրապարակումն է, որտեղ նշված են հստակ անուններ այն անձանց, որոնք խոշոր չափերի կաշառք վերցնելով (ըստ հրապարակման) նպաստել են քաղաքացի Վարդանյանի ունեզրկմանը և հետագայում դատարանում պարտվելուն։ Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերականգնել է արդարությունը քաղաքացի Վարդանյանի նկատմամբ։ ՀՀ-ն կվճարի նրան 1,6 մլն եվրո։
Վերոնշյալ անուններն են․
Երվանդ Զախարյան (այն ժամանակ Կադաստրի կոմիտեի նախագահ)՝ 550 հազար ԱՄՆ դոլար
Կարեն Դավթյան (Զախարյաննի տեղակալ)՝ 200 հազար ԱՄՆ դոլար
Մնացական Մարտիրոսյան (Առաջին ատյանի դատավոր)՝ 5000 դոլար
Արման Մկրտումյան (վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նապագահ)
Արմեն Գևորգյան (Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար)՝ 100 հազար դոլար՝ հօգուտ Հայաստան համահայկական հիմնադրամի։
Հորդորում եմ իրավապահ մարմիններին նշված հրապարակումը ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին և իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն նշված փաստական հանգամանքների առչությամբ (եթե դեռ ոչինչ չի արվել այս ուղղությամբ)»։
Ավելի վաղ Aysor.am տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով հերթական վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանն այս գործով տուժող Վարդանյանին եռամսյա ժամկետում որպես փոխհատուցում վճարել շուրջ 1 մլն 600 հազար եվրո։