26/07/2019 18:48
Կառավարությունը երկիրը տանում է նեոլիբերալ տնտեսական մոդելի միջնադարյան ուղով. Արմեն Գրիգորյան
Երեկ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Ըստ այդմ, հունիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 3.4%։
2019թ.-ի հունվար-հունիսին 2018թ.-ի հունվար-հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.3 տոկոսով:
Aysor.am-ը հրապարակված տվյալների շուրջ զրուցեց ՀՅԴ Էկոնոմիկա և ֆինանսներ հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ։
- Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին՝ ըստ պաշտոնական հրապարակումների:
- Այսպիսով. 2018 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին 2017 թվականի նույն ամիսների նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 111.5%, 108.8% և 111.0%, իսկ եռամսյակային պատկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական՝ 110.4%: Այսինքն 2018 թվականի առաջին եռամսյակը 2017 թվականի նկատմամբ երկնիշ աջ է գրանցել աճողական հաշվարկով:
Սա շեշտում եմ, որպեսզի 2019 թվականի ցուցանիշները հնարավոր լինի համեմատել 2018 թվականի հետ: Ուրեմն պատկերը հետևյալն է. 2019 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին 2018 թվականի նույն ամիսների նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 105.5%, 107.5% և 106.3%, իսկ եռամսյակային պատկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական՝ 106.4%: Սա նշանակում է, որ 2019 թվականին աճի տեմպը 4.0 տոկոսային կետով դանդաղել է:
2019 թվականի ապրիլ և մայիս ամիսներին չնչին ավելի է 2018 թվականի նկատմամբ՝ 2.0-2.5 տոկոսային կետով: Սա բնական է, քանի որ 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներն ուղիղ ազդեցություն են ունեցել այդ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա:
2018 թվականի հունվար-հունիսը 2017 թվականի նկատմամբ աճել է 108.8-ով, իսկ 2019 թվականի հունվար-հունիսը 2018 թվականի նկատմամբ՝ 106.5: Աճի տեմպը դանդաղել է 2.3 տոկոսային կետով:
Եթե այսօր հայտարարվել է, որ հունիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 3.4%,ապա կարելի է ակնհայտ դանդաղում կանխատեսել:
Հիմա, չգիտես ինչու, տնտեսական ցուցանիշների և առհասարակ թվեր կարդալու և մեկնաբանելու մեջ վարպետացել են, ներկայացնում են այն տեսանկյունից, որը հաճելի է լսել, բայց որ ավելի է դանդաղել, դրա մասին ոչ մի խոսք չկա: Նույնիսկ 2018 թվականն է աճողական իմաստով 2.0 տոկոսային կետով նվազ եղել 2017 թվականից:
Շինարարության ցուցանիշները փոխվում են կապված սեզոնայնությունից, իսկ առևտրի աճն ուղիղ կապված է նորից նախորդ տարվա ներքաղաքական վիճակի հետ, քանի որ մարդկանց մղում էին գործադուլի և փողոցներ փակելուն, իսկ այսօր այս ժամանակաշրջանը համեմատում ենք նախկինի հետ և ասում՝ աճ ենք գրանցել: Սա գնահատման խնդիր է: Կարծում եմ՝ պետք է հարցին այլ կերպ մոտենալ, համեմատել նաև ավելի հանգիստ տարվա հետ, թե չէ սկզբից խփում ենք տնտեսության գլխին հետո ասում՝ աճ կա:
- Արդյոք այս թվերը, որոնք պարբերաբար ներկայացնում է կառավարությունը և ԱՎԿ-ն, մեզ հուշու՞մ են, որ գնում ենք ներառական տնտեսական աճի ճանապարհով։
- Ներառականության իմաստով ո՛չ նախկինում և ո՛չ էլ գործող իշխանություններն իրենց տնտեսական մոդելով չեն կարող ներառականություն ապահովել: Հատկապես, երբ ընդունվել է համահարթ եկամտային հարկի մոդելը, ավելանալու են անուղղակի հարկերը և երբ վերականգնվելու է պարտադիր կուտակային համակարգի 2.5%-ը:
Այստեղ լավ օրինակ է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը: Հանրապետության միջինից բարձր են միայն Երևանի և Սյունիքի մարզի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները: Իսկ թե այդ ՀՆԱ-ն որքանո՞վ է ներառական և ի՞նչ ազդեցություն ունի պարզ մարդու սոցիալական վիճակի վրա, արդեն տեղում պետք է գնալ և ուսումնասիրել: Կառավարությունը, չնայած իրենց իսկ կողմից ներկայացված «իզմերից» ոչ մեկին չի պատկանում, բայց ակնհայտ է, որ երկիրը տանում է նեոլիբերալ տնտեսական մոդելի միջնադարյան ուղով: Մակրոտնտեսական ցուցանիշներով նույնպես պատկերն այլ է և նորից հաճելի զարգացումներ չի խոստանում:
Հիմա տեսեք, սա ես չեմ ասում, սա պաշտոնական հրապարակումներն են ասում: Իսկ պաշտոնական հրապարկումներն ասում են, որ ՀՀ-ում առաջանցիկ տնտեսական աճ չկա: Մինչդեռ պետք է այլ պատկեր լիներ: Այս տեմպը տնտեսական հեղափոխություն եզրույթի հետ որևէ աղերս չունի:
Եվ վերջապես. նախորդ իշխանությունները տնտեսության դանդաղկոտությունը հիմնավորում էին համաշխարհային տնտեսական պրոցեսների ազդեցությամբ, իսկ ներկաները՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների պրոցեսներով: Որքան հեռվանում ենք այդ օրերից, այնքան վիճակը վատանում է: Սպասում եմ հենց այն տեսակետին, որ այս իշխանություններն իրենց անհաջողությունները նորից կբացատրեն համաշխարհային տնտեսական պրոցեսների ազդեցությամբ: Դարձ ի շրջանս յուր: