30/07/2019 11:57
ԲԴԽ-ի դիրքորոշմամբ անտեսվել է դատավորի անկախությունը. Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում դեռ չեն ներգրավել որպես մեղադրյալ, այդ գործով որևէ գործողություն չի իրականացվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Երբ մեղադրյալ ներգրավեն, կծանոթանանք փաստական հանգամանքներին, այդ ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնենք։ Հետագա գործողությունների մասին հաստատ կիրազեկվեք», - ասաց փաստաբանը։
Ըստ դատախազության, դատավոր Դավիթ Գրիգորյանը, նրա խոսքով, որպես վկա ներգրավված է պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործում և կասկածանքը վերաբերում է դատական նիստերի արձանագրությունները կեղծելուն։
«Այս պահին փաստական հանգամանքներ չեմ քննարկի։ Սպասողական վիճակում ենք։ Մինչ այս պահը բողոքարկումներ արել ենք։ Սպասենք», - ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, փաստաբանն ասաց, որ այդ որոշմամբ ԲԴԽ-ն աչք է փակել այս գործի շրջանակներում մինչ այժմ իրականացված անօրինական գործողություններին։
«Ակնհայտ է, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր դիրքորոշմամբ անտեսել է դատավորի անկախությունը և աչք փակել այս գործով մինչ այժմ իրականացված խախտումների նկատմամբ», - հավելեց փաստաբանը։
Նշենք, որ ԲԴԽ-ն դեռ հուլիսի 27-ին որոշել էր բավարարել Գլխավոր դատախազության միջնորդությունը երկու դրվագներով, իսկ մեկ դրվագով մերժել։ Բացի այդ որոշել էր ժամանակավորապես կասեցնել դատավորի լիազորությունները։
Այսօր արդեն գլխավոր դատախազությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ ԲԴԽ ներկայացված միջնորդությունը ունեցել է «բավարար փաստական հանգամանքներ»։ Մասնավորչապես, ըստ դատախազության, Դավիթ Գրիգորյանը չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն։