30/07/2019 12:14
«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)
«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը, լրագրողների հետ զրուցյում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Այն կարող է հեղինակազրկել մեր պետականությունը, որովհետև խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող ու այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս իրականացնելը, մենք, կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա», - ասաց նա։
Դավիթ Խաժակյանը կոչ արեց «Սանիթեք»-ի ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից։
«Կարծում եմ, որ այս կոչը նաև մեր լրագրողական համայնքը կհղի «Սանիթեք»-ին, որովհետև խնդիրը լոկալ բնույթի է և չի կարող հարևան պետությունում քննարկման առարկա դառնալ», - ասաց նա։
«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ առ այս պահը որևէ բացատրություն տրված չէ, թե ինչու են Թբիլիսիում ասուլիս հրավիրել։
«Այսքան ժամանակ «Սանիթեք»-ը իր խնդիրները Երևանում բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել, ավելին, մենք՝ ավագանու անդամներս, բազմիցս խոսել ենք «Սանիթեք»-ին վերաբրող խնդիրների մասին այն տեսանկյունից, որ քաղաքապետարանը ևս քայլեր ունի իրականացնելու «Սանիթեք»-ի մոտ առաջացած խնդիրնեը լուծելու համար», - ասաց Խաժակյանը։