30/07/2019 14:29
Բաքուն սկսել է բացահայտ սպառնալիքի լեզվով խոսել՝ չկաշկանդվելով անգամ իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով. փորձագետ
Վերջին մի քանի ամսվա ընթացքում հրադադարի խախտման դեպքերը ի վերջո ստիպեցին հայկական կողմին ի լրացումն Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունների` փորձել վերականգնել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմները` թեկուզև «Դուշանբե+»-ի անվան տակ, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը։
«Արցախից հայկական զինված ուժերի դուրսբերման պահանջը Բաքվի կողմից նոր չէ. այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր նաև արտգործնախարարների` Վաշինգտոնում սպասվող հանդիպումից առաջ: Սակայն վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած լարվածությունը, որի հետևանքով հայկական կողմը երկու վիրավոր և մեկ զոհ ունեցավ, խոսում է այն մասին, որ այժմ ադրբեջանական կողմն անցել է բացահայտ սպառնալիքի լեզվով խոսելուն՝ չկաշկանդվելով իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ որպես տարածաշրջանային խաղաղության ու կայունության երաշխիք առանձնացվում են բանակցային փաթեթի երկու տարր՝ հայկական զորքերի դուրսբերումը և փախստականների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր։ Նման մոտեցումը ուղղակի հարվածի տակ է դնում բանակցային գործընթացի էությունն ու շարունակականությունը, և սա չպիտի անարձագանք մնա առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում խնդրի լուծման փուլային տարբերակը, ինչը հայկական կողմերի համար անընդունելի է։
Հերմինե Մխիթարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում հրադադարի խախտման դեպքերը ի վերջո ստիպեցին հայկական կողմին ի լրացումն Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունների` փորձել վերականգնել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմները` թեկուզև «Դուշանբե+»-ի անվան տակ:
«Այս պարագայում կարևոր չէ, թե ինչպես կանվանենք այն`«Դուշանբե+», թե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններ: Կարևորը դրանց կարևորությունը գիտակցելն ու օրակարգ բերելու հարցում հետևողականություն դրսևորելն է: Անշուշտ, այսօր բանակցային գործընթացի պահպանման համար շատ կարևոր է նաև միջազգային հանրության արձագանքը։ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ու հայտարարությունները պիտի հասցեական ու հստակ գնահատականի արժանանան, այլապես իրապես կվտանգվի խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարը», - ամփոփեց խոսքը փորձագետը։