01/08/2019 16:58
Ամեն ինչ կանենք, որ Եռաբլուրում տեսահսկման համակարգ տեղադրվի. Գևորգ Ալթունյան
Միջոցներ են ձեռնարկվում Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանաքարերը պղծողներին հայտնաբերելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Մեր հերոս տղաների հիշատակի համար կառուցված այս գերեզմանաքարերը կբերվեն պատշաճ վիճակի, որևէ խնդիր չի լինի այս առումով», - ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս վստահ լինել, որ նման դեպքեր այլևս չեն լինի, Գևորգ Ալթունյանը պատասխանեց.
«Պետք է երևի հիվանդ մարդիկ չլինեն այս հասարակութան մեջ, հիվանդ ուղեղից այնքան, որ կարողանան գալ ու նման բաներ անել։ Ես նորից եմ ասում ՝ եթե մենք շարժվենք խելագարության կանխավարկածով, այսինքն, որ մեր շուրջբոլորը շատ խելագարներ կան, ովքեր ունակ են նման բանի, մենք չենք կարողանա առաջ շարժվել»։
Ալթունյանն ասաց, որ Եռաբլուրի տարածքն ամեն օր հսկվում է․
«Բայց այս ամենը տևել է ընդամենը մի քանի րոպե։ Տարածքը չի փակվում, այն բաց է, ցանկացած մարդ ցանկացած ժամի կարող է գալ ու գնալ, հիմա ամեն եկողի հետ չես կարող պահակ դնել ու ուղարկել, որովհետև դա կարող է ծնողը լինի, հարազատը լինի... աբսուրդ է», - ասաց նա։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց՝ ամեն ինչ կանեն, որ Եռաբլուրի տարածքում տեսահսկման համակարգ տեղադրվի։
«Ամեն ինչ կանենք, որ ծառայությունն ավելի ուժեղացվի, բայց, ամեն դեպքում, պետք է գտնել էդ մարդկանց, ովքեր արել են, հասկանալ՝ ինչու՞ են արել», - ասաց նա։