02/08/2019 16:16
Սա քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը կարծում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելով՝ իշխանությունը փորձում է ՀՀ երկրորդ նախագահի գործը փոխանցել մեկ այլ դատավորի:
«Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործընթաց սկսելով և նրա լիազորությունները կասեցնելով՝ իշխանություններն այդ գործն ուզում են մեկ այլ ավելի ճկվող դատավորի փոխանցել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ենոքյանը:
Վերջինս նկատեց՝ սա իշխանությունների կողմից դատական համակարգը ենթարկեցնելու փորձ է:
«Սա քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Կարծում եմ, որ սա դատական համակարգն իրեն ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է», - նկատեց նա:
Ըստ Ենոքյանի՝ դատական իշխանությունը ենթարկեցնելու ճանապարհին իշխանությունների որոշ քայլեր հաջողել են, որոշները՝ ձախողել: Որպես հաջողված օրինակ՝ Ենոքայանը նշեց, որ իշխանություններին հաջողվել է ենթարկեցնել ԲԴԽ-ն և դատավոր Արմեն Դանիելյանին:
«Որոշ քայլեր անհաջող էին, օրինակ՝ Դավիթ Գրիգորյանին չկարողացան իրենց ենթարկեցնել, Սահմանադրական դատարանը չկարողացան իրենց ենթարկեցնել: Այսպես իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար», - նկատեց նա:
Ենոքայանն ընդգծեց՝ Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ «փուչիկ» է, որը կարող է «ջրվել» հենց առաջին ատյանի դատարանում:
«Էլ չեմ խոսում, որ եթե այս գործը ՄԻԵԴ հասնի, պարզապես խայտառակություն կլինի ՀՀ դատական համակարգի համար», - ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ՝ պաշտոնական կեղծիք: