02/08/2019 14:53
«Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի կոչին. Արայիկ Հարությունյան
Հավաքվում ենք հանուն մեր անխախտ եռամիասնության, իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, կուսակի՛ց ընկերներ
Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանն՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն: Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988 թ.-ի մեր համազգային Շարժման գաղափարը, երբ բոլորս միահամուռ «Միացում» էինք վանկարկում՝ մեր ապագան տեսնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական օրակարգում:
Իհարկե, մեր երազանքներն այսօր մասամբ իրականացված են, քանի որ Մայր հայրենիքի և Սփյուռքի գործուն աջակցության շնորհիվ մենք կարողացանք հաղթանակ կերտել պատերազմի դաշտում, և հետագայում արդեն, հաղթահարելով բազում դժվարություններ, ուղղել փլատակների տակ կորացած մեր մեջքը՝ մտնելով զարգացման մի նոր փուլ, որտեղ փայլուն ապագայի տեսլականը ավելի իրատեսական է: Բայց գաղտնիք չէ նաև, թե այս ընթացքում քանի անգամ են փորձել արհեստական եղանակներով ու կեղծ օրակարգերով խարխլել այդ միասնականության հիմքերը:
Հայաստանն այսօր պատմական նոր շրջափուլ է ապրում, և այս բախտորոշ ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, բոլորս պարտավոր ենք մեր բաժին աջակցությունը բերել այն վեհ ու նվիրական գաղափարների իրագործմանը, որը, որպես գերագույն նպատակ, որդեգրել են ՀՀ իշխանությունները: Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող: Չենք հանդուրժելու, որ հերոս նահատակների արյամբ սրբագործված այս հողը երբևէ վերածվի հակահեղափոխության օջախի: Մեր դիրքորոշումը հստակ է. այն պաշտպանում է Արցախում ապրող յուրաքանչյուր հայ: Ուստի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, խորհրդանշական լինելուց բացի, կարևոր ազդակ է հանդիսանալու ապագայում մեր համազգային հիմնահարցերն ու արդի հրամայականներից բխող ծրագրերը նախանշելիս:
«Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ Վարչապետի այդ կարևոր կոչին:
Դիմում եմ համակուսակից ավելի քան վեց հազար հայրենակիցներիս, մեր համակիրներին, և, առհասարակ, բոլոր արցախցիներին՝ ակտիվորեն մասնակցելու հանրահավաքին՝ դրանով կրկին հաստատելով, որ Հայրենիք-Սփյուռք կապն անպարտելի է», - գրել է նա: