05/08/2019 20:05
Պետք է հրաժարվենք մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների. Փաշինյանը՝ Ստեփանակերտում
Համահայկական հեղափոխության արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ, Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Սա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող, և ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակների իրագործման համար, իսկ այդ ընդհանուր նպատակը պետք է լինի միայն ու միայն Հայաստանի և Արցախի զարգացումը։