06/08/2019 19:07
Նիկոլ Փաշինյանը փոխեց բանակցային գործընթացում մեր մարտավարությունը. Հերմինե Մխիթարյան
«Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպմամբ և «Միացում» վանկարկումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ շրջադարձ արեց Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի որդեգրած մարտավարության մեջ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն՝ անդրադառնալով երեկ Արցախի մայքարաղաք Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Այն, որ յուրաքանչյուր հայի համար Արցախյան խնդրի լուծման վերջնական տարբերակն Արցախի միացումն է մայր Հայաստանին, կարծում եմ՝ կասկածից վեր է: Սրան է միտված նաև բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի որդեգրած ռազմավարությունը: Այնինչ մարտավարական առումով դրված նպատակն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն էր միջազգային հանրության և Ադրբեջանի կողմից, որից հետո նույն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ կյանքի կկոչվեր նաև բոլորիս համար բաղձալի վերջնական նպատակը», - նշեց փորձագետն՝ ավելացնելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպմամբ և «Միացում» վանկարկումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ շրջադարձ արեց արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի որդեգրած մարտավարության մեջ:
Հերմինե Մխիթարյանի կարծիքով նման կտրուկ փոփոխությունները պիտի լինեին արդյունք առնվազն հանրային լայն քննարկումների՝ հաշվի առնելով դրանից բխող բոլոր մարտահրավերները.
«Գալով իշխանության Նիկոլ Փաշինյանը գլխավոր նպատակ էր հռչակել Արցախը բանակցային սեղան վերադարձնելը: Երեկվա հայտարարությունից հետո էական հարված հասցվեց նաև այս տեսլականին», - նշեց փորձագետն՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից, անշուշտ, կօգտվի ադրբեջանական կողմը՝ փորձելով իր համար առավել շահեկան վիճակ ապահովել բանակցային գործընթացում և միջազգային ընկալումներում: