06/08/2019 18:49
Ո՞րն է Փաշինյանի կետը
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Ելույթի հետ կապված զրուցել ենք «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանի հետ.
«Նախ սկսեմ նրանից, որ Արցախի և Հայաստանի վերամիավորումը ցանկացած հայի երազանքն է, սակայն արդյոք դրան տանող լավագույն ճանապարհը հրապարակում հայտարարություններ անե՞լն ու լայն զանգվածների ականջը շոյելն է, արդյոք պահը ճի՞շտ է ընտրված, արդյոք պետական համակարգերը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պատրա՞ստ են նման զարգացումներին և մշակված են բոլոր սցենարները»:
Փորձագետը նաև ուշադրություն հրավիրեց մի քանի ամիս առաջ վարչապետի արած այն հայտարարությանը, որում նա շեշտել էր.
«Ղարաբաղի շուրջ բանակցությունները ես սկսել եմ ոչ թե այն կետից, որի վրա կանգ էր առել Սարգսյանը, այլ իմ սեփական՝ նոր կետից: Իսկ ո՞րն էր այդ կետը: Գուցե Արցախը Հայաստա՞ն է և վերջ: Գուցե այսպես և այստեղ է ՀՀ վարչապետը գտե՞լ իր կետն ու հարցերի պատասխանը:
Բոլորս հիշում ենք վարչապետի հայտարարություններն առ այն, որ բոլոր հարցերը պիտի լուծվեն բացառապես ժողովրդի ազատ կամքով: Այստեղից ևս մեկ հարց. Իսկ որտեղ է ամրագրված Արցախի ժողովրդի ազատ կամքը Հայաստանին վերամիավորվելու մասին: Բոլորս էլ գիտենք, որ Արցախն իրեն հռչակել է անկախ պետություն, դրանից բացի չկա ոչ մի այլ իրավական ակտ: Եթե խոսքը 1989 թվականի վերամիավորման ակտի մասին է, ապա դրանից հետո Արցախն իրեն հռչակել է անկախ պետություն: Եվ գոնե այս հանգամանքի հանդեպ պետք է ունենալ հարգանք: Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի նախաձեռնությամբ Արցախում տեղի է ունեցել Հայաստանին վերամիավորվելու հանրաքվե և ժողովուրդը կողմ է արտահայտվել:
Պետք է խնդիրների լուծումները բաժակաճառերից ու պոպուլիստական հայտարարություններից տեղափոխել իրավական դաշտ, հասկանալ որտեղ են սկսվում ու ավարտվում իրավունքների ու պարտականությունների սահմանները», - նշել է Ռոզի Միքայելյանը։