07/08/2019 18:51
ԱԳՆ-ի պատասխանը չի չեզոքացնում Փաշինյանի առաջացրած մարտահրավերները. փորձագետ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությանը պաշտոնական Բաքվի արձագանքին ՀՀ ԱԳՆ-ն պատասխանը ոչ միայն չի չեզոքացնում այս հայտարարությունից առաջացած մարտահրավերներն, այլև ավելի մեծ շփոթ է առաջացնում, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Դժվար է պատկերացնել «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության բովանդակության այլ ընկալում, բացի այն, ինչ ասվում է բառացիորեն: Ինչ վերաբերում է համատեքստին, ապա հայտարարության տեքստում ևս նշվում է, որ դա ասվել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համահայկական օրակարգի առաջմղման համատեքստում: Արդյունքում, ԱԳՆ-ն, եթե անգամ փորձում է, չի չեզոքացնում Փաշինյանի հայտարարության առաջացրած մարտահրավերները», - նշում է Հասմիկ Վարդանյանն՝ ավելացնելով, որ ԱԳՆ-ի կողմից Փաշինյանի հայտարարության համատեքստի փոփոխությունը, հայտարարության ներկայացումը որպես բացառապես ներքին, հայկական լսարանին ուղղված, որևէ կերպ չի «փրկում» իրավիճակը:
Փորձագետի կարծիքով՝ ԱԳՆ-ի պատասխանն ավելի է խորացրել Փաշինյանի հայտարարության արդյունքում ստեղծված շփոթը:
«Մի կողմից մենք եռամիսանության համատեքստում հայտարարում ենք, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», մյուս կողմից ԱԳՆ հղվում է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընդունելի լինելու անհրաժեշտության մասին վարչապետի բազմաթիվ հայտարարություններին: Հարց է առաջանում` մենք փորձո՞ւմ ենք մոլորեցնել սեփական հանրությանն՝ ականջահաճո հայտարարություններ անելով, թե՞ միջազգային հանրությանը: Երկուսն էլ վտանգավոր է», - նշում է Հասմիկ Վարդանյանը:
Նրա կարծիքով՝ հատկապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում պետք է հետևողականություն դրսևորել և ինչ-որ ներքին «խնդիրների» լուծման համար չանել այնպիսի հայտարարություններ, որոնք մեզ համար հավելյալ մարտահրավերներ են ստեղծելու բանակցային առանց այդ էլ բավականին բարդ գործընթացում: