08/08/2019 18:23
«Դեպի ճամբար». Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Սաթենիկ Հազարյանը և այլք՝ նոր հումորային սերիալում
Աշնանային եթերաշրջանը «Արմենիա» հեռուստաընկերությունը կմեկնարկի նոր սերիալով, սակայն այն այս անգամ էկրանների մոտ կհամախմբի առաջին հերթին պարմանիներին: «Դեպի ճամբար»-ը հումորային ուղղվածություն ունի, որը բաղկացած է ընդամենը 12 մասից:
«Երիտասարդական սերիալի առաջարկը ստացել եմ Գրիգոր Դանիելյանից՝ մոտ 6 ամիս առաջ: Քանի որ նա իմ ընկերն է, չէի կարող մերժել: Եթե իմ ընկերները որևէ բան են ձեռնարկում, որում ես կարող եմ իմ՝ թեկուզ փոքրիկ լուման ունենալ, միանգամից համաձայնվում եմ: Ես ընկերասեր մարդ եմ: Մանրամասներին դեռ շատ չեմ տիրապետում, մի քանի օրից ժողով է լինելու, ամեն ինչ կհստակեցվի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասան Ռաֆայել Երանոսյանը, ում ճամբարի մարզիչի դերն է վստահվել:
Սերիալների նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չցուցաբերող դերասանն ընդգծում է՝ իր համաձայնության պատճառներից մեկն էլ այն էր, որ այս կերպարը հենց իր համար գրվել: Մեկտեղ նկատում է՝ սա լացկան, հուզիչ սերիալ չի, ողբ ու կոծ չի լինելու, մանկական, երիտասարդական թեթև սերիալ է:
Նախագծի և՛ պրոդյուսերները, և՛ սցենարիստները Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանն են, ովքեր նաև դերասանական կազմում են ընդգրկված: Մյուս խաղընկերներն են Աննա Մանուչարյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Բաղդասարովը, Գոշը, Սաթենիկ Հազարյանը, Ինստագրամից հայտնի Վինգը և այլք: Ճամբարի երեխաներին էլ կմարմնավորեն Գ. Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի «Տրիո ստուդիո»-ի արդեն իսկ ճանաչում ու էկրանային փորձ ունեցող սաները, այդ թվում՝ Գրիգորի ավագ որդին՝ Ալբերտոն:
«Նկարահանման հրապարակում Աննայի հետ «Քարե դարդի» շրջանակներում ենք հանդիպել, Գրիգորի ու Գարիկի հետ երկար տարիների ընկերներ ենք ու ամեն օր ենք գրեթե տեսնվում, Մարիամն էլ իմ շատ լավ ընկերն է… Այնպես որ, բոլորս միմյանց լավ գիտենք: Ինձ թվում է՝ Գրիգորը պրոֆեսիոնալ թիմ է հավաքել ու աշխատանքային միջավայրում հետաքրքիր կանցնի», - նկատեց մեր զրուցակիցը:
Նկարահանումները կսկսվեն օգոստոսի 15-ին, կավարտվեն՝ սեպտեմբերի 1-ին: Նկարահանման վայրը Հանքավանն է:
15-օրյա ակտիվ զբաղվածությունը դերասանի թատերական գործունեությանը չի խանգարի, քանի որ Կամերային թատրոնը արձակուրդի շրջանում է:
«Մեր թատրոնն արձակուրդից կվերադառնա սեպտեմբերի 5-ին, թեև, ես այնտեղ արդեն այնքան էլ զբաղված չեմ: Հիմնականում, երկու ներկայացման մեջ եմ ընդգրկված: Սեպտեմբերի 10-ից 17-ն էլ հյուրախաղերով Եվրոպա եմ մեկնելու: Բայց ասեմ, որ այս ընթացքում ես շարունակելու եմ խաղալ իմ «tRaffik» մենաներկայացումը, շարունակվում են նաև իմ մասնակցությամբ անտրեպրիզային ներկայացումները: Ծանրաբեռնված եմ, անընդհատ Երևան-Հանքավան ճանապարհին եմ լինելու, բայց չեմ դժգոհում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռաֆայել Երանոսյանը: