08/08/2019 16:00
Քրեական օրենսգրքով խստացնում են գրպանահատների համար նախատեսվող պատիժը. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել (Տեսանյութ)
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրպանահատությունների թիվը աճել է 70 տոկոսով։ Գրպանահատության շուրջ 95 տոկոսը կատարվում է Երևանում, հատկապես՝ Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարոց ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը։
Նրա տեղեկացմամբ, հայտնաբերված գրպանահատության շուրջ 90 տոկոս դեպքերով քրեական հետապնդում չի իրականացվում՝ բողոքի բացակայության հիմքով։
«Այս հանցատեսակով զբաղվողները այն կատարում են որպես արհեստ։ Ունենք արձանագրված դեպքեր, երբ նույն անձը երկու, երեք և ավելի անգամ դիմել է այդ քայլին», - ասաց ոստիկանության պաշտոնյան։
Գրպանահատության վայր, ըստ բանախոսի, հանդիսանում են հիմնականում հասարակական տրանսպորտային միջոցները, հասարակական վայրերը և այդ հանցագործությունները կատարում են հիմնականում օրվա ծանրաբեռնված ժամերին։
Ոստիկանության պաշտոնյան հորդորում է քաղաքացիներին ուշադիր լինել սեփական գույքի՝ պայուսակի, դրամապանակի նկատմամբ, իսկ եթե հանցանքը կատարվում է, դիմել ոստիկանություն ու հետևողական լինել՝ բողոք ներկայացնել, որ գրպանահատը պատժվի։
«Եղել են դեպքեր, որ գրպանահատները իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենք դիմում են այդ քայլին սոցիալական հարցերը լուծելու, ինչպես նաև փաստաբանական ծառայությունների դիմաց վճարելու համար», - նշեց Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է հանցանքի համար պատասխանատվության ենթարկելուն, ապա ըստ ոստիկանության պաշտոնյայի, դրա համար հայաստանյան օրենսդրությամբ ծանր պատիժ չի սահմանվում. գրպանահատությունը օրենքով դիտարկվում է որպես մանր հափշտակություն (մինչև 5000 դրամ), որի համար վարչական պատասխանատվություն է սահմանվում։ Իսկ մինչև 500 հազար դրամ գողության դեպքերի համար արդեն սահմանվում է քրեական պատասխանատվություն։
Բացի այդ, ըստ պաշտոնյայի, գրպանահատությունը դիտարկվում է որպես մասնավոր մեղադրանք, այսինքն՝ տուժած անձը, եթե ոստիկանություն չդիմի, չբողոքի հանցանք կատարած անձի դեմ, ապա դրան իրավական ընթացք չի տրվի, քրեական գործ չի հարուցվի ու հանցանք կատարած անձը չի պատժվի։ Նշենք, որ քրեադատավարական օրենսդրությամբ կա նաև հանրային մեղադրանք հասկացությունը։
«Ես կարծում եմ, որ գրպանահատության համար պատժի խստացման անհրաժեշտություն կա», - ասաց Պետրոսյանը ու ներկայացրեց, որ Արդարադատության նախարարությունը այս առումով ձեռնարկել է փոփոխություն Քրեական օրենգրքում։
Ըստ այդ փոփոխությունների, մասնավոր մեղադրանքի գործ համարվող գրպանահատությունը կորակվի որպես հանրային մեղադրանք, այսինքն՝ անկախ նրանից գրպանահատի գործողությունների դեմ կլինի բողոք, թե չի լինի, նրա նկատմամբ կհարուցվի քրեական գործ։
Նախագիծը մայիսին քննարկվել է ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այս պահին լրամշակվում է ու սեպտեմբերին կներկայացվի Ազգային ժողովի դատին։