08/08/2019 09:41
«Ժողովուրդ». Լարվածություն է հրահրվում Սահմանադրական դատարանի շուրջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձ, կարծես թե, այլևս չի լինում: Համենայնդեպս, նախկին ինտենսիվությունը նկատելի չէ: Եվ որքան էլ իշխանությունների կողմից բարձրաձայնվող ՍԴ-ի ճգնաժամի մասին խոսակցությունները դադարել են, սակայն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, կարծես թե, շարունակում են տեսնել ճգնաժամ Սահմանադրական դատարանում:
Մասնավորապես, նախկին զինդատախազ և նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է, թե այս պահին ՍԴ-ի շուրջ «զինադադար» է, և «պատերազմը» կարող է ամեն վայրկյան սկսել: Գագիկ Ջհանգիրյանի այս խոսքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում. ի՞նչ պատերազմի, հետևաբար նաև ի՞նչ զինադադարի մասին է խոսքը: Այնպիսի տպավորություն է, թե կենաց-մահու պայքար է այդ կառույցի համար: Եվ գլխավոր հարցը մնում է հետևյալը. ո՞ւմ համար է այդքան կարևոր Սահմանադրական դատարանում փոփոխութուններ անելը՝ Հայ ազգային կոնգրեսի՞, անձամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ ներկայիս բարձրագույն իշխանության:
Համենայնդեպս, մինչև հիմա իշխանությունը համագործակցում է ՍԴ-ի հետ, և այդ կառույցն էլ մինչև Վահե Գրիգորյանի՝ դատավորի պաշտոնում ընտրվելը աշխատում էր, որոշումներ էր կայացնում: Բայց հիմա, կարծես թե, լարվածություն է հրահրվում այդ կառույցի շուրջ»: