08/08/2019 22:24
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղրղզստան (Լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղրղզստանի Հանրապետություն։ Ղրղզստանից Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ «Իսիկ Կուլ» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Մարիպբաևի Ասկարովը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։
Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:
Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը: