09/08/2019 18:27
Նոր Հայաստանում գաղտնի են պահվում ցանկերը, թե որ համայնքները պետք է խոշորացվեն. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ խոշորացման ծրագրի տակ ընկած գյուղերի ցանկը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը գաղտնի է պահում։
Այսօր իր կուսակից Դավիթ Խաժակյանի հետ նոր ձևաչափով ֆեյսբուքյան զրույցի ժամանակ Մարուքյանը նշեց, որ իր կուսակցության ներկայացուցիչները գյուղերում հանդիպումներ են ունենում և լսում են բնակչության դժգոհությունները խոշորացման ծրագրերից, որոնք եղել են նաև նախկին իշխանությունների կառավարման տարիներին։
«Նոր Հայաստանում գաղտնի է պահվում ցանկերը, թե որ համայնքները պետք է խոշորացվեն։ Մարզպետները կանչում են գյուղապետներին, ասում են՝ պետք է խոշորացվի, պատասխանում են, թե բոլորը դեմ են, մարզպետներն էլ ասում են՝ դեմ-մեմ չկա, պետք ա խոշորացվի։ Սա նոր Հայաստանում է արվում», -հայտարարել է Մարուքյանը։
Նա հայտարարեց, որ իրենք կանգնելու գյուղացու կողքին, պաշտպանելու են նրանց, իսկ իշխանություններին էլ հիշեցրեց, որ խոշորացման ծրագիրը պետք է հանրաքվեի միջոցով արվի, ինչպես խոստացել են այս իշխանությունները։
Ավելին, ընդդիմադիր պատգամավորը իշխանություններին հիշեցրեց նաև, որ գործող վարչապետը Ելք դաշինքի կազմում դեմ է եղել խոշորացման ծրագրին։
Մարուքյանը նաև արատավոր որակեց Հայաստանում գործող մարզպետական համակարգը։ Նրա խոսքով, քանի դեռ այն գոյություն ունի, երկրում ազատ, արդար ընտրություններ չեն կայանա։
«Մյուս ընտրությունների ժամանակ Իմ քայլը դաշինքի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մարզպետները ունենալու են լուրջ դերակատարում։ Ոչ թե նրանք ռեյտինգով տղերք են, այլ սուբվենցիա ծախող։ Ժողովուրդն էլ ասում է՝ էս մարդը եկավ, տանիքը կառուցեց, ասֆալտ արեց, բա ո՞նց չընտրենք։ Բայց չէ՞ որ դա մեր՝ հարկատուներիս հաշվին է», -նշեց պատգամավորը։