09/08/2019 12:24
Քաղաքապետարանն առաջարկում է աղբահանությանը տրամադրել 1,7 1 մլրդ 726 մլն դրամ՝ մանկապարտեզների վերանորոգման ֆոնդից
Աղբահանության և սանմաքրման աշխատանքների համար առաջարկվում է հավելյալ տրամադրել ավելի քան 1 մլրդ 726 մլն դրամ:
«Առաջարկում ենք Երևան քաղաքի 2019-ի բյուջեում փոփոխություններ կատարել: Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական աշխատանքների ապահովման նպատակով առաջարկվում է բյուջեով նախատեսված գումարն ավելացնել 1 մլրդ 726 մլն դրամով», - ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Նա նաև հավելեց, որ վերը նշված ծառայությունների համար անհրաժեշտ գումարը ապահովելու նպատակով առաջարկվում է հոդվածատեղափոխություն կատարել՝ նախադպրոցական վերանորգման համար նախատեսված 91 մլն դրամը փոխանցելով աղբահանության ու սանմաքրման աշխատանքներին:
Ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի առաջարկվում այդ գումարն ավելացնել պարգևավճարների և գործուղումների ծախսերի հաշվին, փոխարենը իրականցվում է երեխաների հաշվին:
Ի պատասխան քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ այդ գումարով 21 մանկապարտեզ ամբողջությամբ հնարավոր չէր լինի վերանորգել ու քանի որ այդ գումարը բավականին քիչ է, որոշել են, որ այս տարվա ընթացքում վերանորգման նպատակով այս գումարները չեն ծախսվելու:
Հայկ Սարգսյանն էլ նկատեց, որ ոչ մի մանկապարտեզ չի տուժելու 91 մլնը այդ հոդվածից տեղափոխելուց, քանի որ ոչ մի մանկապարտեզ դուրս չի մնալու վերանորոգման ծրագրից:
«Այս 91 մլնը այն ավելի գումարի մասն էր, որը պետք է սպասի, մինչև այդ մանկապարտեզների նախագիծ նախահաշիվները պատրաստ լինեն, տեղադրվեն, մրցույթները տեղի ունենան, որոնք այս տարվա ընթացքում չեն հասցնելու իրականացվել: Եթե անգամ այս 91 մլնը մնա, այն չի օգտագործվելու և մնալու է որպես տնտեսում», - ասաց փոխքաղաքապետը: