10/08/2019 11:55
Ինչպես է ստեղծվում ՀԱԷԿ-ին մատակարարվող ռեակտորի միջուկային վառելիքը․ շրջայց՝ Էլեկտրոստալում. Լուսանկարներ
Հայկական ատոմակայանի համար վառելիք արտադրող մեքենաշինական գործարանը (МСЗ) գտնվում է Մոսկվայից 58 կմ արևելք ընկած Էլեկտրոստալ քաղաքում:
Հայ լրագրողների խումբը օրերս այցելեց «Ռոսատոմի» վառելիքային «ՏվԷլ» ընկերության կազմում գտնվող մեքենաշինական գործարան՝ ծանոթանալու ռեակտորի միջուկային վառելիքի ստեղծման գործընթացին։
Մեքենաշինական գործարան ստեղծելու մասին կառավարության որոշումից հետո Նիկոլայ Ֆտորովը 1916 թվականի հունիսին ձեռնամուխ է եղել դրա կառուցմանը՝ ավարտելով այն ավելի քիչ քան մեկ տարում՝ 1917 թվականի փետրվարին։
Գործարանի թանգարանում լրագրողների խմբին պատմում են, որ իսկզբանե առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոսկովյան բանակին զենք մատակարարելու նպատակով ստեղծված գործարանը ապահովել է բանակին զենքով նաև հայրենական պատերազմի ժամանակ, որից հետո դադարեցրել է զենքերի արտադրությունը։
Այստեղ հնարավորություն ենք ունենում ծանոթանալու այդ տարիներին գործարանում արտադրված զինամթերքի տեսակներին։ Առանձնահատուկ ուշադրության այստեղ արժանացել են «Կատյուշան» և «Վանյուշան», որոնք բավականին պահանջված էին այդ տարիներին։
«1945 թվականին պատերազմի ավարտից հետո մենք այլևս զենք չենք արտադրում։ Դրանից հետո մենք ոչ մի կապ չունենք զինամթերքի արտադրության հետ», - պատմում է թանգարանի տնօրենը։
Այստեղ ցուցադրած է նաև ՀԱԷԿ մատակարարվող մեքենաշինական գործարանի արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված վիբրակայուն վառելիքը։
Թանգարանում շրջայցից հետո լրագրողների խումբը, պահելով անվտանգության բոլոր կանոնները, հագնելով հատուկ հագուստ, ճանաչողական այց է կատարում գործարան։ Գրեթե երկու ժամ տևած շրջայցի ընթացքում հայ լրագրողների խումբը հնարավորություն է ունենում մանրամասն ծանոթանալու ռեակտորի միջուկային վառելիքի ստեղծման ամբողջ գործընթացին։ Այստեղ ամեն ինչ հստակ հաշվարկված է։ Վառելիքի պատրաստման գործընթացը բնականոն է ընթանում։ Մեզ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է զրոյից պատրաստվում ВВЭР-440-ը։
Գործարանը լքելուց առաջ խումբը հանում է հատուկ հագած հագուստը, լվանում է ձեռքերը սառը ջրով և օճառով, որից հետո ռադիացվածության մակարդակի ստուգում է անցնում։ Տեսնելով, որ ամեն ինչ կարգին է, հեռանում ենք գործարանից։
Հիշեցնենք, որ «ՏՎԷԼ» ԲԸ և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) ստորագրել են 2019-2020 թթ․ ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը։
«ՏՎԷԼ» ԲԸ և Հայկական ԱԷԿ-ի միջև հիմնական վառելիքային պայմանագիրը գործում է մինչև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը, այդ թվում դրա կենսական ցիկլը երկարացնելուց հետո։ 407,5 ՄՎտ դրվածքային հզորութայմբ Հայաստանի միակ ատոմային էներգաբլոկ է մատակարարվում Մեքենաշինական գործարանի արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված վիբրակայուն վառելիք։