12/08/2019 14:41
Սպանության փորձից հետո «Շշի Մելոյին» պատկանող մեքենան դեպքի վայրից փախցնելու ոդիսականը. փաստաբանը նոր տվյալներ է հրապարակում
Գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» նկատմամբ կատարված սպանության փորձից հետո մեծ աղմուկ հանեց նրա ավտոմեքենայի տեղափոխումը դեպքի վայրից։ Հարուցվեց քրեական գործ, կալանավորվեց տուժողի հարազատ եղբայրը՝ գործարար Ռոբերտ Մանուկյանը։ Փաստաբանները հայտարարում են, որ կալանավորումն անհիմն է, ու վերաքննիչ բողոք են ներկայացրել դատարանի որոշման դեմ։
Ինչ է տեղի ունեցել միջպետական ճանապարհին Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում փաստաբան Վահե Դանիելյանը։
- Պարոն Դանիելյան, դեպքի վայրից կատարված տեսագրությունների համաձայն՝ սպանության փորձից հետո Մելիք Մանուկյանին պատկանող մեքենան փախցրել են դեպքի վայրից։ Ինչու՞։
- Այո՛, հանրության մեջ տարածվեցին լուրեր, թե, իբր, մեքենան պայթյունից հետո փախցվել է դեպքի վայրից, մինչդեռ իրականությունն այլ է։
Նախ նշեմ, որ մեքենան պայթյունից հետո մնացել է կայանված դեպքի վայրում 20-30 րոպե՝ մինչ իրավապահ մարմինների ժամանելը եւ հետո էլ շարունակել է կայանված մնալ 4-5 ժամ՝ սկսած ժամը 12։17-ից մինչեւ ժամը 16։30-17։00-ի սահմանները։ Այդ ընթացքում կատարվել եւ ավարտված են եղել բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները, այդ թվում՝ զննվել է դեպքի վայրն ու ավտոմեքենան։
- Այդ դեպքում ՝ ինչով է պայմանավորված մեքենան նման արագությամբ դեպքի վայրից հեռացնելը։
- Ինչ վերաբերում է դեպքի վայրից մեքենան տեղից պոկելու եւ արագընթաց հեռացնելու ձեւին, որը փորձ արվեց ներկայացնել որպես դեպքի վայրից մեքենան փախցնել, ապա ուզում եմ տեղեկացնել , որ «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստել է մշտապես «նիվա» մակնիշի ավտոմեքենա վարող վարորդ, որի համար անսովոր է եղել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի գազի ոտնակի զգոնությունը։ Դա կարող է հաստատել յուրաքանչյուր վարորդ։ Բացի այդ՝ տվյալ անձը պայթյունի ժամանակ գտնվել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մեջ եւ պետք է նկատի ունենալ նաեւ այդ սթրեսը։