13/08/2019 16:05
Մենք ժողովրդի հետ օրգանական կապով ենք կապված, մենք մի մարմին ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Այսօր կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասել է, որ այն, ինչ արվել է հոկտեմբերից մինչ այժմ, ժամանակը հետ տալու դեպքում կաներ նույնը։
«Եթե ժամանակը հետ տայինք և նորից հոկտեմբերը լիներ, ես անելու էի լրիվ նույն բանը, ինչ արել եմ, որովհետև ինչ արվել է, ժամանակն էլ ցույց տվեց, որ ճիշտ է արվել», - հանդիպման ժամանակ ասաց Մարությանը։
Նա ասաց, որ տարբեր քաղաքացիների հետ է շփվում, որոնք հասկանում են վիճակը և ասում՝ համբերում ու սպասում են, որ խնդիրները կլուծվեն, շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին իրենց որոշումներին աջակցելու համար ու հույս հայտնեց, որ միասին կլուծվեն նաև մյուս խնդիրները։
«Մեր՝ քաղաքային ու հանրապետական իշխանության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք ժողովրդի հետ օրգանական կապով ենք կապված, մենք մի մարմին ենք, մի օրգանիզմ ենք, ընդհանուր ցավեր ունենք. Եթե մեր քաղաքացիների սիրտը ցավում է, էդ նույն պահին մեր սիրտն էլ է ցավում, եթե մեր քաղաքացիները ներվայնանում են ինչ-որ բանից, մենք էլ ենք ներվայնանում, բայց տարբերությունն այն է, որ մենք էդ նույն պահին սոցիալական ցանցերում չենք գրում էդ մասին։ Չեմ կարող ասել իդեալական ենք։ Եթե ինչ-որ բան էլ այն չենք անում, ներողամիտ եղեք։ Բայց համոզված եղեք, որ ինչ-որ չարամիտ միտում չկա ու չի կարող լինել հենց այդ օրգանական կապի պատճառով», - ասաց Փաշինյանը՝ դիմելով քաղաքացիներին։
Աշխատանքային հանդիպումը, նկատենք, վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր հեռարձակվում և նրանք քննարկում էին երևանցու համար կարևոր խնդիր դարձած կենցաղային աղբի հարցը։
«Մեզ համար կարևոր խնդիրներից մեկն այն է, որ մեր հայրենակիցները իմանան՝ ինչով ենք զբաղվում, ինչ ենք անում, ինչ ենք մտածում, ինչն է մեր արածների մեջ բխում երկրի շահերից։ Եվ բացի այդ, իշխանության հաշվետվողականության սկզբունքի հարցն է սա», - նշեց վարչապետը։