13/08/2019 18:57
Արցախի Պաշտպանը դատապարտել է զինծառայող Արայիկ Ղազարյանին քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նա Ադրբեջանի տարածքում է՝ հրապարակելով Ա.Ղազարյանի որոշ լուսանկարներ: Պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի քայլերը՝ ուղղված ԱՀ զինծառայողին հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելուն:
Ադրբեջանի մոտ ավանդական գործելաոճ է դարձել իր տարածքում հայտնված հայազգի քաղաքացիական անձանց և զինծառայողների՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրավունքները խախտելը: Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) և քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից:
Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից: Այս պայմաններում կարևոր է, որ միջազգային կազմակերպություններն արագ արձագանքեն իրավիճակին և կանխեն Արայիկ Ղազարյանի հանդեպ հետագա հնարավոր իրավախախտումները:
Այդ առումով, Պաշտպանը կապի մեջ է պետական և միջազգային պատկան մարմինների հետ՝ պատրաստ լինելով իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրավիճակի դրական հանգուցալուծմանը»: