13/08/2019 18:35
Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցեր
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նախօրեին կայացած հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում են ԱԽ մամուլի գրասենյակից:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ: Քննարկվել է նաև երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը:
Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո Ա. Գրիգորյանը և Ն.Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին:
Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները: