13/08/2019 18:04
Կգտնենք ձևը ստիպել Երևանի քաղաքապետին մաքուր պահել քաղաքը. ԱԺ նախկին պատգամավոր (Տեսանյութ)
Ինչքան է Երևանը մնալու աղբի մեջ կուտակված հարցի պատասխանը ԱԺ նախկին Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը չի ստացել այսօր վարչապետի ու քաղաքապետի աշխատանքային քննարկման ժամանակ։
«Ցավոք սրտի, լուծումներ առաջարկելու փոխարեն մենք ականատես եղանք երկու դերասանի մենախոսության», - ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում, գնահատելով վարչապետի ու քաղաքապետի հանդիպումը, ասել է Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ ինքն այդ հանդիպումից տպավորություն է ստացել, որ Երևանը շարունակելու է մնալ աղբի մեջ։
«Հարգելի պարոն Փաշինյան և հարգելի պարոն Մարության, ձեզ ընտրած ու ձեզ չընտրած քաղաքացիները ձեզանից մեկ ակնկալիք ունեն՝ գործ արեք, որ դուք զբաղվեք վերելակների խնդիրներով, տրանսպորտի խնդիրներով և ոչ թե դրա փոխարեն սենյակում նստած կոնսպիրոլոգիաներ ման գաք։ Հավատացնում եմ ձեզ, որ ձեզ ընտրած ու չընտրած ոչ մի քաղաքացու դա չի հետաքրքրում։ Անընդունելի է անգործությունը փակել, ծածկել, սվաղել տարբեր կոնսպիրոլոգիաներով։ Պարոն Փաշինյան, պետք էր ձախողված քաղաքապետին երկու երեք շաբաթ ժամանակ տալ՝ խնդիրը լուծելու համար և եթե չլուծեր, պետք էր հետևություններ անել», - ասել է նախկին պատգամավորը։
Այդուհանդերձ, նախկին պաշտոնյան նկատել է, որ կարելի է 3 շաբաթ սպասել, տեսնել՝ ինչ լուծումներ կարող է առաջարկել Երևանի քաղաքապետարանը առաջիկայի համար։
«Եթե տեսնենք, որ քաղաքի աղբահանության խնդիրը չի լուծվում, վստահ եմ, կգտնենք ձևը Երևանի քաղաքապետին ստիպել տեր կանգնել իր կարգախոսին ու մաքուր պահել քաղաքը», - նշել է Ֆարմանյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատասենյակում այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջով և տևել է մեկ ժամից ավելի։