14/08/2019 18:11
Պակիստանը խնդրել է շտապ ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել Հնդկաստանի գործողությունների պատճառով
Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին ՄԱԿ-ին նամակ է հասցեագրել՝ խնդրելով գումարել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ պայմանավորված Ջամու և Քաշմիրին առնչվող Հնդկաստանի գործողություններով:
«Ես կցանկանայի խնդրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել՝ օրակարգում «հնդկա-պակիստանյան հարց» կետով, որպեսզի քննարկվի Հնդկաստանի՝ վերջերս իրականացրած գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակը, որը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը և սասանում Ջամու և Քաշմիրի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը», - նշված է նամակում, որի պատճենը РИА Новости-ի տրամադրության տակ է:
Պակիստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Հնդկաստանը միակողմանի կարգով ձգտում է փոխել այս տարածքի ժողովրդագրական կառուցվածքը, խախտում է Քաշմիրի ժողովրդի հիմնական իրավունքները՝ ներառյալ նրանց ինքնորոշման անքակտելի իրավունքը:
Քուրեշին նաև խնդրել է, որպեսզի ԱԽ նիստին թույլ տան մասնակցել Պակիստանի կառավարության ներկայացուցչին: