14/08/2019 12:58
Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետը մշակույթի տունը վաճառել է մերձավորին. Մարզպետը վերադարձման գործընթաց է սկսել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որի համաձայն դեռևս 2004 թվականին, երբ Վանաձորը ղեկավարում էր Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Դարբինյանը, քաղաքի ավագանու որոշմամբ քաղաքի մշակույթի տունը (669.31 քմ) վաճառքի ձևով՝ 10 մլն դրամով օտարվել է Վանաձորի բնակիչ Էռնեստ Գևորգյանին։
Փաստաթղթին կից գրությամբ մարզպետը տեղեկացնում է, որ Էռնեստ Գրիգորյանը ՀՀԿ-ական նախկին քաղաքապետի մերձավորն է։
«Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու' Տիգրան Պապանյանի փեսան է:Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը հետ եք վերադարձնելու, պարոնայք: Այլընտրանք չկա. կամ կամովին, կամ օրենքի ուժով:
Սիրելի լոռեցիներ, մարզում առկա նմանատիպ խնդիրներով զբաղվելու եմ շարունակաբար ու հետևողականորեն: Նմանատիպ բոլոր փաստերը հերթականությամբ ներկայացնելու եմ լոռեցիների դատին, ապա և անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան մարմիններին:
Հ.Գ. Ի դեպ, կից նկարում կարող եք տեսնել նաև այս որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամների անունները», - իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը:
Նկատենք, որ Սամվել Դարբինյանը Վանաձորի ամենաերկարակյաց քաղաքապետերից մեկն է եղել։ Ղուկասյանի ներկայացմամբ, Դարբինյանի ընդունած որոշումները պաշտոնավարման 18 տարիների ընթացքում պետք է մանրամասն քննության առնել: «Հասցվել է ահռելի վնաս համայնքի և պետության շահերին», - նշել է նա: