15/08/2019 16:29
Թեղուտի հարցով քննարկում է կայացել նախարարությունում
ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը, տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։
«Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։
Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի մասնագետների ժամանմամբ։ Փորձաքննության ողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում:
Նշվում է նաև, որ ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն և ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։
Ըստ աղբյուրի, նախարարի տեղակալի կողմից կարևորվել է պետական մարմինների և հասարակության հետ հարաբերություններում հնարավորինս թափանցիկ գործելաոճի որդեգրումը՝ հատկապես հանրային ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի առնչությամբ: