15/08/2019 19:03
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի մանիպուլյացիոն պնդումներն Ամուլսարի խնդրի վերաբերյալ
Երեկ հրապարակվեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը, գրում է Infocom.am-ը։
«Փորձագիտական խմբի եզրակացության հրապարակումից 2 ժամ անց մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի ասուլիսը: Դեռ երեկ անդրադարձել էինք Յուրա Իվանյանի կողմից հնչեցված մանիպուլյատիվ հայտարարություններին:
Երեկոյան 1in.am-ի եթերում ևս տեղի ունեցավ Ամուլսարի հարցով քննարկում, որին մասնակցում էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը:
Հաղորդման ընթացքում կառավարող ուժի պատգամավոր Հայկ Գևորգյանը հանդես եկավ մի շարք մանիպուլյատիվ պնդումներով, որոնք կներկայացնենք ստորև.
Ե՞ րբ է սկսվել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը
Պատգամավոր Հայկ Գևորգյանը հաղորդման ժամանակ ասում է, որ Ամուլսարի դեմ պայքարը քաղաքականացվել է 1 տարի առաջ՝ հեղափոխությունից հետո:
«...հարցը սկսվել է 10 տարի առաջ ու բնակչությունը, բնապահպանները որևէ քայլ չեն արել: Հարցը քաղաքականացվել է 1 տարի առաջ, երբ փակվեցին հանքի ճանապարհները և թույլ չտվեցին հանքի շահագործումը: Դրանից հետո հարցը դառնում է քաղաքական, մինչև այդ բնապահպանական էր....»,- մասնավորապես նշում է պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Որպեսզի հասկանանք պարոն Գևորգյանի վերոնշյալ խոսքերի ապատեղեկատվական բնույթը, անհրաժեշտ է անդրադառնալ Ամուլսարի շուրջ ծավալված քննարկումների և գործընթացների ժամանակագրությանը:
«Լիդիան Արմենիա»-ն (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ) Ամուլսարում ոսկու հանքավայր հայտնաբերել է 2005 թվականին: Մինչև 2012 թվականը ընկերությունը զբաղվում է ներդրողների ներգրավմամբ և հանքի շահագործման նախնական ծրագրի կազմմամբ: 2012 թվականին «Լիդիան Արմենիա»-ն ՀՀ կառավարության հետ կնքում է ընդերքօգտագործման պայմանագիրը և ստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը: 2012 թվականից սկսած մեկնարկում է «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնության ստորագրահավաքն ընդդեմ հանքի շահագործման: Նախաձեռնությունը հայտարարել էր. «Թույլ չենք տալու փչացնել Ջերմուկի եւ Ջերմուկի երիտասարդների ապագան» և մտադիր էին ստորագրությունները կցել ՀՀ նախագահին ուղղվելիք նամակին:
Նշենք, որ «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը ստեղծվել է դեռևս 2011 թվականին», - գրում է Infocom.am-ը։