16/08/2019 11:43
Ամբողջ քաղաքի կանաչապատ գոտիները ուղղակի չորացել են. Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ (Տեսանյութ)
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնել են Երևանի կարևորագույն խնդիրների մասին։
Նրանց ներկայացմամբ, Երևանի շատ վարչական շրջաններում այգիները չորանում են՝ չնայած այն բանին, որ քաղաքային իշխանությունները հայտարարում են «կանաչապատման հարցը լուծելու մասին»։
«Մենք մի քանի օր առաջ եղել ենք Աջափնյակ վարչական շրջանում և այնտեղ այգիները չորացել են ամբողջությամբ։ Ինձ մոտ այսպիսի մի հարց է առաջանում՝ որտե՞ղ է ոռոգման համակարգը, չեմ կարծում, որ քաղաքային նախկին իշխանությունները այդ ոռոգման համակարգի խողովակները կտրել, իրենց հետ տուն են տարել։ Վերջիվերջո, այդ համակարգը կար, գործում էր ու այդ ծառերը ջրվում էին։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ ամբողջ քաղաքի կանաչապատ գոտիները ուղղակի չորացել են, երաշտային չորացած արտի է վերածվել մի ամբողջ քաղաք», - հայտարարեց Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանը։
Նույն խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր հերթին հայտարարեց, որ երևանցին խաբված է, ինքը՝ նույնպես։ «Երևանցիները ասում են՝ մենք հավատացինք, բայց այսօր համաճարակ է քաղքում։ Այսօր ոչ մի ծառատունկ տեղի չունեցավ, ոչ մի բնակարանաշինություն տեղի չունեցավ, ոչ մի հարցով քաղաքային իշխանությունները համարյա թե չեն զբաղվում։ Դուք ինքներդ էլ երևանցի եք և ինքներդ կփաստեք, որ այսօր քաղաքում քաոս է տիրում», - հավելեց Ներսիսյանը։