16/08/2019 12:19
Սոնա Աղեկյանը բերման ենթարկվեց
Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիքներ զրկվել են կոյուղագծից: Այս հարցով բնակիչների հետ առավոտյան հանդիպել են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը ու ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Տեղում բնակիչների հետ հանդիպումից հետո քաղաքացիները Աղեկյանի և պատգամավորների հետ որոշեցին գնալ քաղաքապետարան և հարցը քննարկել անձամբ քաղաքապետի հետ:
Քաղաքապետարանի դիմաց նրանց հանդիպեց քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետը, ում Սոնա Աղեկյանը առաջարկեց հոտ քաշել կոյուղաջրից: Վարչության պետը զայրացավ ու թափեց տարայի պարունակությունը, իսկ ոստիկանությունը բերման ենթարկեց Սոնա Աղեկյանին:
«Ոստիկանության բաժնի պետի հետ զրուցեցինք, բերման ենթարկված քաղաքացու հետ որոշակի պարզաբանական գործողություններ կանեն և Սոնան դուրս կգա: Հիմա մեզ ժամանակ տվեք, անմիջապես գնում ենք Ազգային ժողով, և առողջապահության նախարարին և քաղաքապետին զանգահարեմ, որպեսզի կանխենք այս հակահիգիենիկ վիճակը և անցնենք մյուս մեր օրինական քայլերին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: