16/08/2019 18:39
«Իրազեկված լինելու դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի կասեցման որոշում». Ջերմուկցիների նամակը՝ Փաշինյանին
Ջերմուկի խոշորացված համայնքի բնակիչները բաց նամակով դիմել են վարչապետ Փաշինյանին՝ հրատապ հանդիպման խնդրանքով:
«Հեղափոխությունից մեր ակնկալիքն այն էր, որ մեր ձայնը լսելի կդառնա և Հայաստանի զարգացմանը սպառնացող Ամուլսարի ծրագիրը անմիջապես կդադարեցվի: Հասկանալով, որ ներկայիս կառավարությունը նախորդ իշխանություններից ժառանգել է անթիվ անհամար խնդիրներ և հանքարդյունաբերության խնդրի բարդությունը՝ մենք համայնքի միջոցով կասեցրինք հանքի շինարարական աշխատանքները: Եթե սա չարվեր, ծրագիրն անդառնալի հետևանքներ էր ստեղծելու: Սրանով մենք հնարավորություն ստեղծեցինք պետության հսմար ժամանակ շահելու և ծանոթանալու այս բազմաշերտ խնդրի բոլոր կողմերին ու գտնելու խնդրի լուծումը», - Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ջերմուկցիների նամակն ընթերցեց Կարեն Մարգարյանը:
Նամակում ջերմուկցիները նշել են, որ եզրակացությունից հետո որպես օրինական հետևանքը պիտի լիներ Լիդիանին տրված թույլտվությունների դադարեցումը:
«Մենք համոզված ենք, որ Դուք կանգնած եք Ձեզ վստահող համայնքի կողքին և պաշտպանում եք հանրության շահերը, որոնք Ամուլսարի հարցում հակադրվում են կորպորացիաների շահերին: Վստահում ենք Ձեզ և համոզված ենք, որ իրականության մասին իրազեկված լինելու դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի կասեցման որոշում», - նշել են քաղաքացիները:
Նրանք նաև ընդգծել են, որ անձնական հանդիպում են պահանջում վարչապետի հետ, որպեսզի իրենց պահանջները ներկայացնեն անձամբ և թույլ չտան, որ իրենց պահանջները հակահեղափոխական ուժերի կողմից շահարկվի:
«Մեզ համար շատ կարևոր է հանդիպել Ձեզ հետ, խնդրում ենք, որ ինչպես դեկտեմբերին նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսք եք տվել գալ Ջերմուկ և մեզ հետ քննարկել Քննչականի ուսումնասիրության արդյունքները, գալ և քննարկել: Խիստ մտահոգիչ է նաև, որ ոստիկանությունը Լիդիանի դիմումին ընթացք է տվել և մեր դեմ քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել», - նշել են ջերմուկցիները: