16/08/2019 17:56
Չենք ուզում կարծել, որ Փաշինյանն իր խոսքի տերը չէ. Շիրակ Բունիաթյան (Տեսանյութ)
Ջերմուկցիներն Ամուլսարի հարցում իրենց վերջնական դիրքորոշումը կայացրել են և անկախ բոլոր փորձագիտական գնահատականներից՝ մեր դիրքորոշումը չի փոխվելու, Ջերմուկում Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը:
Նա նկատեց, որ Ջերմուկը չի ցանկանում վերածվել հանքարդյունաբերական բանավանի և հանքի շահագործումն այտեղ ոչ միայն բնապահպանական, այլև բնակիչների ապրելակերպի փոփոխություն է, քանի որ Ջերմուկն առողջարանից հանքարդյունաբերության է վերածվելու:
«Մենք ուզո՞ւմ ենք այսօր զոհել մեր առողջարանային գոտին և դառնալ Քաջարանի պես մի վայր», - հետաքրքրվեց Բունիաթյանը:
Նա ասաց, որ չգիտի այսօրվա հավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայանա, թե ոչ, սակայն նկատեց, որ չի ցանկանում բացասական տրամադրվել կառավարության նկատմամբ և նախընտրում է մտածել, որ պարզապես ժամանակի սղության պատճառով վարչապետը չի հասցրել ծանոթանալ եզրակացությանը:
«Քանի որ փորձաքննության նյութերը ծավալուն են և կարճ ժամանակ է, ինչ տրամադրվել է կառավարությանը, կարծում ենք, գուցե կառավարությունը, մասնավորապես, Փաշինյանն ուղղակի ժամանակի սղության պատճառով չի հասցրել ծանոթանալ, և մենք չենք ուզում արդեն կարծել, որ նա իր խոսքի տերը չէ», - ընդգծեց Բունիաթյանը:
Նա շեշտեց, որ իրենցից շատերը եղել են հեղափոխության մասնակից և հավատացել են, որ հեղափոխության գաղափարախոսությունը ժողովրդավարությունն է:
«Կարծում եմ՝ Ամուլսարը պիտի դառնա վառ օրինակ Հայաստանում ժողովրդվարության հաստատման», - եզրափակեց խոսքը նա: