16/08/2019 17:29
«Անզեն աչքով տեսանելի են հանքի վտանգները». վարչապետը ներկա չի գտնվի բողոքի ակցիային (Տեսանյութ, լուսանկարներ)
Ջերմուկում քիչ անց մեկնարկելու է Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիան:
Ջերմուկից Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցույցին նախատեսվում է նաև բնապահպանական ճակատի ներկայացուցիչների մասնակցությունը:
Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները, որոնց համաձայն` քրգործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը բացակայում էին:
Aysor.am-ի նկարահանող խումբը առավոտից շրջել է Ջերմուկում և հարցումներ անցկացրել բնակիչների շրջանում: Քաղաքացիները դեմ են արտահայտվել հանքի բացմանը` պնդելով, որ անկախ փորձագիտական եզրակացության արդյունքներից՝ իրենք անգամ անզեն աչքով տեսնում են հանքի վտանգները:
Մասնակիցներն ավելի վաղ հայտարարել էին, որ այսօրվա ակցիային սպասելու են նաև վարչապետ Փաշինյանին` պնդելով, որ եթե վերջինս չգա հանդիպման, ապա իրենք դա կորակեն որպես պատասխան առ այն, որ Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացության արդյունքները դեռ ավարտված չեն:
Սակայն վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ վարչապետն այսօր չի հանդիպի ջերմուկցիների հետ: