19/08/2019 11:34
Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման թեմայով քննարկում կլինի
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով Բաղրամյան 26-ում քննարկում կանցկացնի Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերերի հետ:
Նշենք նաև, որ Կասկադի հարակից տարածքից մի քանի կին մանկասայլակներով երթ են իրականացնում՝ քայլելով դեպի Բաղրամյան 26, որտեղ իրենց զորակցությունը կհայտնեն ավտոերթով Երևան եկած ջերմուկցիներին:
Վաղ առավոտից Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները Ջերմուկից ավտոերթով շարժվել էին Երևան:
Եվ, ինչպես հայտնի է, ակտիվիստները Նորագավիթ թաղամասում թողել են իրենց մեքենաներն ու մետրոյով շարժվել դեպի Բաղրամյան 26:
Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները, որոնց համաձայն` քրգործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը բացակայում էին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուրբաթ օրը Ջերմուկում հավաք էր անցկացվել՝ ընդդեմ հանքի շահագործման: Ջերմուկցիները հայտարարել էին, որ սպասելու են Փաշինյանին՝ քննարկելու Ամուլսարի փորձաքննության եզրակացության արդյունքները: Մինչդեռ Փաշինյանը ուրբաթ չէր գնացել ջերմուկցիների հետ հանդիպման՝ ասելով, որ երկուշաբթի օրը այդ թեմայով քննարկում կկազմակերպի: